Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգման համար. Արեգնազ Մանուկյանը հարցում է արել


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգման համար. Ալեն Սիմոնյանը, չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով, հիմա էլ կառավարական առանձնատունն է ռեմոնտ անում այնտեղ տեղափոխվելու համար։ 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  հայտնել էինք, որ նախագահականից հաստատել են տեղեկությունը, որ  Ալեն Սիմոնյանն առաջիկայում կտեղափոխվի Կոնդի կառավարական ամառանոց և որ այն այս պահին վերանորոգվում է։ 

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից և ՀՀ ԱԺ Աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից պահանջել եմ պարզաբանել հետևյալ հարցերը․ 

1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։ 

2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։ 

3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։ 

4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։ 

5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 

6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։ 

7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 

8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 

Պատասխանն ստանալուն պես կտեղեկացնեմ այդ մասին»։

Քաղաքականություն

Պատահարներ