
Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան չվերթերի համար ավիաընկերությունների դիմումները

Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են տրանսպորտի նախարարության և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է: Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կկարողնան թռչել այդ երթուղով, թե ոչ»,- ասել է Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք նախարարը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչների կնշանակեն հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը քննարկելու համար: Վերջինս նշել էր նաև Երևանի հետ չարտերային չվերթներ բացելու մտադրության մասին:
Հայաստանի ԱԳՆ-ն էլ դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցչի նշանակման վերաբերյալ և հաստատել, որ հայկական կողմը կնշանակի նաև երկխոսության հատուկ ներկայացուցիչ։
Լրատվականը հիշեցնում է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակվել է դեռ 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը, Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։