Flyone Armenia ընկերության հայտարարություն տարածեց չեղարկված չվերթների վերաբերյալ

FLYONE ARMENIA ընկերության հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: 

 

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ,

FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է,որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։ Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։ FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդրանիկ չվերթը՝ Երևան-Մոկսվա ուղղությամբ, չեղարկվելու է։ Պատճառը, hraparak.am-ի տեղեկությամբ, այն է, որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։


Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, և երեկ գիշերվա դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված էր, որ թռիչքը կայանալու է ժամանակին, սակայն այսօր արդեն նշված է, որ չեղարկվել է։

 

 

 

Քաղաքականություն