«Ազատ արձակեք 200-ից ավելի գերիներին». Բրյուսելում հայ համայնքը ցույցի է դուրս եկել.

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը խաղաղ ցույցի է դուրս եկել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին, նրանց անհապաղ վերադարձնել հայրենիք։

Ակցիայի մասնակիցները պաստառներ են պարզել «Ազատ արձակեք 200-ից ավելի գերիներին», «Ալիևը հրաժարվում է Կարմիր խաչին տվյալներ տրամադրել Բաքվում պահվող հայ գերիների մասին», «Ադրբեջանը խախտում Է Ժնևի կոնվենցիան», «Ձեր լռությունը չի ազատում հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը առևանգել է խաղաղ հայերին և ապօրինաբար պահում նրանց Բաքվում» գրություններով։


Նշենք, որ այսօր Բրյուսելում անց է կացվում Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային երկրորդ օրն է՝ Բրյուսելում է։ Կառավարության ղեկավարը արդեն հասցրել է առանձնազրույց ունենալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև հանդիպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 

Ավելի վաղ հայտնել էին, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ռազմագերիների հարցը, ինչի մասին հանդիպումից հետո որևէ հաղորդագրություն չտարածվեց։

 

Հիշեցնենք, որ Բաքվում շարունակում է մնալ նոյեմբերի 16-ին գերեվարված 21 զինծառայող։ Ըստ հայկական կողմի, Բաքուն այս պահին հաստատում է նաև 44 օրյա պատերազմում 40 անձի գերեվարման փաստը։

Քաղաքականություն

Պատահարներ