Չպատվաստված քաղաքացիներն իրե՞նց գրպանից կվճարեն բուժման համար. ԱՆ-ից մանրամասնում են
Aysor.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների՝ հոսպիտալացման դեպքում բուժումը, հնարավոր է, վճարովի դառնա 2022 թ. փետրվարից։
Առողջապահության նախարարությունում արդեն հստակ հաշվարկում են, թե որքան կարժենա չպատվաստված քաղաքացիների համար քովիդի բուժումը հոսպիտալացման դեպքում։
Auroranews-ի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Հռիպսիմե Խաչատրյանը նշեց, որ այս հարցը բավականին երկար ժամանակ է ինչ քննարկվում է: Նա նաև հավելեց, որ երկրում պատվաստումային ցուցանիշներն ընկել են և ի հայտ եկած նոր շտամերի դեմ պայքարելու այլ տարբերակ չի մնում:
Նախարարության խոսնակը հավելեց, որ այս պահին որոշման ընդունման հետ կապված կոնկրետ ժամկետ չի կարող նշել:






























