Փաշինյան-Ալիև հանդիպումից լավ սպասումներ չունեմ. չեմ բացառում, որ նոր փաստաթուղթ ստորագրվի․ Արման Աբովյան. Փաստինֆո

«Հաշվի առնելով իշխանությունների՝ վատ անակնկալներ մատուցելու սովորությունը, Փաշինյան-Ալիև հանդիպումից լավ սպասումներ չունեմ», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպմանը:

Նա հարցադրումներ է բարձրացրել՝ ինչո՞ւ է հանդիպումը հենց Բրյուսելում լինելու, ի՞նչ օրակարգով են հանդիպելու, ի՞նչ են քննարկելու:

«Պարբերաբար անոնս էր արվում, որ եռակող հանդիպում պետք է լինի՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կան չհամաձայնեցված կետեր, երբ այդ կետերը կհամաձայնեցվեն, նոր հանդիպում կլինի: Մեկ էլ արի ու տես՝ Բրյուսել: Այդ ի՞նչ անհարթություններ էին և ի՞նչը հարթվեց, ինչու՞ բացի հանդիպման օրից և վայրից, ուրիշ ոչինչ չգիտենք։ Թող նախ օրակարգը հայտնեն»,-ասել է Աբովյանը:

Նա չի բացառել, որ հանդիպման ընթացքում նոր փաստաթուղթ ստորագրվի, սակայն թե ինչն են ուզում ստորագրությամբ ամրագրել, այդ մասին էլ իշխանությունը հստակ տեղեկություն չի հրապարակում, միայն հայտարարություններ են, որ պետք է գնալ խաղաղության և այլ ադրբեջանահաճո ձևակերպումներ։

Նախկին պատգամավորը նկատել է նաև՝ ՀՀ իշխանությունները մի կողմից դիմում են Ռուսաստանին՝ Ադրբեջանի դեմ ռազմական օգնություն ակնկալելով, մյուս կողմից խոսում են նույն Արդբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։  

 «Եթե դու հրաժարվում ես պաշտպանել ինքդ քեզ և այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ փորձում ես հարաբերություններ հաստատել քո թշնամիների հետ, դա անհասկանալի է: Մյուս կողմից էլ դիմում են Ռուսաստանի օգնությանը, բայց պատրաստվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել: Հասկացեք՝ ի՞նչ եք ուզում, հետո ուրիշների վրա բարդեք ձեր մեղքը: Այս իշխանության համար շուրջբոլորը մեղավոր են՝ բացի իրենցից»,-ընդգծել է Արման Աբովյանը:

Քաղաքականություն