Քաղաքականություն

Մարությանի ենթակաները եկել էին վերջ դնելու կոռուպցիային, հայտնվել են ԱԱԾ ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

Unknown
Մարությանի ենթակաները եկել էին վերջ դնելու կոռուպցիային, հայտնվել են ԱԱԾ ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում:

«Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու համար»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե ուսումնասիրությունից հետո իրավապահներին մասնավորապես ինչ տեղեկություններ են փոխանցվել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գրիգորյանը, որ, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի կնոջ ընկերուհու ամուսինն է, պատերազմի ժամանակ բանակի խնդրանքը չի կատարել: «Բանակի ներկայացուցիչները Գրիգորյանին խնդրել են իրենց փոխանց ել աղբահանություն իրականացնող բեռնատարների անվադողերը՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Հիմնարկի տնօրենը, սակայն, նախընտրել է այն մի քանի հազար դրամով վաճառքի հանել,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով։- Այս պահին նույնպես իրավապահները հետաքրքրված են Գրիգորյանով: Չի բացառվում, որ նա առաջիկայում ձերբակալվի»:

«Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունները ճշտելու համար փորձեց պարզաբանում ստանալ հենց Արմեն Գրիգորյանից։ Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ հորդորելով մամուլի քարտուղարին դիմել: Վերջինս տեղեկացրեց, որ անվադողերի հետ կապված պատմությունից անտեղյակ է: Կարապետյանը հերքեց նաև, որ Գրիգորյանի ու Մարությանի կանայք մտերիմ ընկերուհիներ են:

Հայկ Մարությանին ենթակա աշխատակիցները, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, իբրև թե, եկել էին վերջ դնելու կոռուպցիային, փաստորեն, ԱԱԾ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դա վկայում է այն բանի մասին, որ Մարությանի հայտարարությունները, թե քաղաքապետարանում մութ գործարքներ չեն լինելու, ուղղակի հայտարարություններ են մնացել:

Դրանք ոչ միայն լինում են, այլ արվում են բավականին հանդուգն եղանակով: Ի դեպ, այս հիմնարկը , որի տնօրենը կոռուպցիոն գործարքների կիզակետում է, ստեղծել է հենց Մարությանը իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, ինչի առիթով դատարաններում դեռ քաղաքային իշխանությունը պետք է պատասխան տա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250