Հասարակություն

Հարազատները 42 օր փնտրել են Վահիկի մարմինը. գտել Արտաշատի դիահերձարանում՝ մի լուսանկարի օգնությամբ

Հարազատները 42 օր փնտրել են Վահիկի մարմինը. գտել Արտաշատի դիահերձարանում՝ մի լուսանկարի օգնությամբ

Ավանեսյան Վահիկ Սերյոժայի. ծնվել է 1992 թ. սեպտեմբերի 15-ին Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: 2010-2012 թթ. ծառայել է բանակում, պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախում:

Ֆիզիկական եւ մտավոր գերազանց տվյալների, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ցուցաբերած օրինակելի վարքի համար ընդգրկվել էր պատվո պահակախմբում, մասնակցել է զորահանդեսների՝ թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում: Ծառայության ընթացքում բազմիցս պարգեւատրվել է պատվոգրերով ու մեդալներով:

 

Զորացրվելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ: Հայրենի Աշոտավանում ապրելու, գյուղն ավելի զարգացած ու ավելի ծաղկուն տեսնելու ձգտումը Վահիկն արտահայտել էր գյուղում բիզնես ու արտադրություն հիմնելով:

Վահիկ Ավանեսյանի մասին մեզ մորաքրոջ ամուսինը՝ Արայիկն է պատմում. «Լուսավոր, լույս երիտասարդ էր, երբ մեր տուն էր գալիս, կարծես, արեւը մեր տուն մտներ, հումորով, խելացի, բոյ-բուսաթով, հարգալից… Սիրում էր իր գյուղը, օգնում էր համագյուղացիներին ինչով կարողանում էր՝ մեկի հեռուստացույցն էր նորոգում, մի ուրիշի սառնարանը: Նաեւ նախաձեռնող էր, գյուղում խանութ էր բացել, ընկերոջ հետ եվրոպատուհանների արտադրություն հիմնել: Տունը նորոգել էր, որ հոկտեմբերին ամուսնանար: Բազմաթիվ բարի նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին…» :

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Վահիկ Ավանեսյանը միացավ Սյունիքի պաշտպանության համար սահման մեկնող հայրենակիցներին:

 

Արցախում իրավիճակը ծանր էր. հոկտեմբերի 14-ին Վահիկը Մեղրիից մեկնել է Ջրական, որտեղ հոկտեմբերի 15-ին բեկորային ծանր վիրավորում է ստացել: Ընկերները Վահիկին հասցրել են Իշխանաձորի դաշտային հոսպիտալ, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

42 օր հարազատները փնտրել են Վահիկ Ավանեսյանի մարմինը. գտել Արտաշատի դիահերձարանում՝ մի լուսանկարի օգնությամբ:

Վահիկ Ավանեսյանի աճյունը հողին է հանձնվել 2020 թ. նոյեմբերի 27-ին Սիսիանի զինվորական պանթեոնում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250