
Տնտեսվարողները խորամանկում են, կամաց-կամաց են շաքարավազի գինը բարձրացնում, որ սպառողը չնկատի. Չիլինգարյան

Շաքարավազի շուկայում գների առաջին բարձրացումը դեռ մի քանի ամիս առաջ էր արձանագրվել, որից հետո երկար ժամանակ նույն գինն էր, սակայն հիմա կրկին գները բարձրանում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ տնտեսվարողները խորամանկ ձևով են մոտենում այս հարցին, քանի որ շաքարավազի գինն աստիճանաբար են բարձրացնում, որ սպառողը չնկատի։
«Օրինակ՝ մեկ կամ երկու շաբաթը մեկ 5-10-ական դրամով բարձրացնում են, որ սպառողները չնկատեն թանկացումը, բայց արդյունքում ստացվում է, որ շաքարավազի գինն օրեցօր բարձրանում է»,-ասաց Կարեն Չիլինգարյանը։
Վերջինս նկատեց՝ սկզբում շաքարավազի գնի բարձրացումը կապում էին միջազգային գների բարձրացման, ինչպես նաև դրամի արժեզրկման հետ, սակայն վերջին ամիսներին դրամն արժևորվել է, բայց անհասկանալի պատճառներով այդ ապրանքները շարունակում են թանկանալ։
«Հետաքրքիրն այն է, որ քաշով վաճառվող շաքարավազը համեմատաբար էժան է փաթեթավորվածից։ Քաշով վաճառվող և փաթեթավորված շաքարավազի գնային տարբերությունը շատ մեծ է։ Երբ հարցնում ես՝ որն է պատճառը, ասում են, որ փաթեթավորումն աշխատատար է, բայց փաթեթավորման համար կարող է 2-5 տոկոս տարբերություն լինի, բայց ոչ 20 տոկոս, դա նորմալ չէ։ Օրինակ մի շրջան կար, երբ քաշով վաճառվող շաքարավազի 1 կգ-ն 380 դրամ էր, իսկ փաթեթավորվածը՝ 450-ի սահմաններում, ինչը մեծ տարբերություն է»,-նշեց Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ պատկան մարմինները պետք է հետաքրքրվեն այս հարցով և պարզեն, թե ինչու է տարբերությունն այդքան մեծ։
Հարցին՝ ՏՄՊՊՀ-ն ունի՞ գործառույթներ՝ շաքարավազի թանկացումները զսպելու համար, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այն կառույցներով, որոնք գերակա դիրք են գրավում և մենաշնորհ ունեն։
«Խնդիրն այն է, որ որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, ավելի խորամանկ են վարվում և գերիշխող դիրք են գրավում, բայց իրենց բիզնեսը տրոհում են և տարբեր տնտեսվարողներ ձևավորում։ Դրա համար ՏՄՊՊՀ-ն չի կարողանում այս հարցերով զբաղվի և պարզի՝ արդյոք այդտեղ խարդախություն կա, թե ոչ»,-ասաց Կարեն Չիլինգարյանը։