Կառավարությունը ստել է. գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը չի ստեղծվել․ «Փաստինֆո»

Կառավարությունն ստել է գերեվարված զինծառայողների հարազատներին ու մոտ մեկ ամիս առաջ տրված խոստումը՝ ստեղծել հանձնաժողով՝ գերիների ու անհատ կորած համարվող զինծառայողների հարցերով զբաղվելու համար, չի կատարվել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

 

Գերեվարված մի շարք հայորդիների հարազատներ հունիսի 23-ին հայտարարեցին Կառավարության մոտ նստացույց սկսելու մասին` իրենց զավակների եւ մեր բոլորի եղբայրների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունների կասեցման եւ գերիների անհապաղ վերադարձի պահանջով։ Հունիսի 24-ին ակցիան դադարեցվեց, քանի որ կառավարությունը համաձայնել էր ձեւավորել ժամանակավոր հանձնաժողով։

 

«Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

 

Դրանք են. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)»,- հունիսի 24-ին հայտարարեց գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։

Հունիսի 30-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանին՝ տեղեկանալու, թե արդյոք ձևավորվե՞լ է հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կորած, գերեվարված զինծառայողների հարցերով զբաղվելու համար։ Հետաքրքրվել էինք նաև, թե քանի՞ հոգուց է բաղկացած հանձնաժողովը, ովքե՞ր են ընդգրկվել կազմում և ո՞ւմ նախագահությամբ է այն գործում։

 

Հուլիսի մեկին, սակայն էլեկտրոնային նամակով Կառավարությունից տեղեկացրեցին, որ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարություն, որտեղից էլ կստանանք պատասխանը։ Տարօրինակն այն էր, որ հենց կառավարությունն էր խոստացել հարազատներին հանձնաժողով ձևավորել։ Իսկ ՊՆ-ից պահանջվեց 26 օր՝ հասկանալու, թե, ի վերջո, ինչ պատասխան պետք է տան կառավարությունից իրենց վերահասցեագրված նամակին՝ հայտնելով, որ հանձնաժողով ստեղծելու հայտարարությունը արվել է կառավարության ներկայացուցչի կողմից ու գերատեսչությունը նման տեղեկատվության չի տիրապետում։

 

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրության հայտնում եմ, որ գրությամբ բարձրացված հարցերը վերաբերվում են հունիսի 24-ին ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ կառավարության ներկայացուցչի կողմից նոր հանձնաժողով ստեղծելու մասին գերեվարված զինծառայողների հարազատներին արած հայտարարությանը, ուստի ՀՀ ՊՆ-ն նման տեղեկատվության չի տիրապետում»։

 

Փաստացի՝ ՊՆ-ն հայտնում է, որ տեղյակ չէ Կառավարության տված խոստումներին, որոնք այդպես էլ մնացել են անկատար։ Որեւէ հանձնաժողով չի ձեւավորվել, ինչը քողարկելու համար ՀՀ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Կամո Ներսիսյանին ու նրա տեղակալին կառավարության կողմից հանձնարարվել է մշտական կապի մեջ լինել գերեվարված շիրակցիների հարազատների հետ։