Հասարակություն

Արարատում խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել էր լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. ովքե՞ր են ամբաստանյալի աթոռին

Արարատում խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել էր լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. ովքե՞ր են ամբաստանյալի աթոռին

Արարատի մարզում 1.5 տարեկան երեխան օրեր շարունակ ծեծի է ենթարկվել և մահացել՝ գլխուղեղի վնասվածքներից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են երեխայի հարազատ մայրը, խորթ հայրն ու տատը։

 

Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա, որի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ, իսկ փոքրիկի մահվան պատճառը դարձել էր գանգուղեղային տրավման։ Պարզվել է, որ փոքրիկը դարձել է ընտանեկան բռնության դաժան զոհ։


Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեխայի մայրը և խորթ հայրը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2020թ նոյեմբեր ամսից, բնակվել համատեղ բնակվել Արարատի մարզում՝ տղամարդու հոր, նրա կնոջ եւ նրանց երկու անչափահաս դստրերի հետ։

2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, 1,5 տարեկան երեխան չքնելու և լաց լինելու պատճառով հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, ինչը չհանդուրժելով երեխայի խորթ հայրը երեխայի մոր և խորթ տատի հետ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով շուրջ 5 օր շարունակ՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, որովայնի, մեջքի, հետույքի շրջանում, որին զուգահեռ խորթ հայրը, դրսևորելով ակնհայտ հակակրանք երեխայի նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, իսկ մայրը և տատը, գիտակցելով, որ երեխան ունի դեղահաբերից ալերգիա, երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով, նրան՝ առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, խմեցրել են «Ռիմեդրոլ» տեսակի դեղահաբ։ Նման պայմաններում երեխայի մոտ առաջացել է էմոցիոնալ խանգարում, վախի և տագնապի մթնոլորտ։ Երեխային պարբերաբար պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք՝ երեխայի ենթագիտակցության մեջ դաջելով սիրված չլինելու և անպիտան լինելու զգացում։ Ավելին՝ երեխայի խորթ հայրը դեպքի օրը՝ փետրվարի 6-ին, ուժգին հարվածներ է հասցրել երեխայի գլխին՝ հնչեցվելով «մեռի, քեզանից պրծնենք այ բիճ, ինչի չես քնում» արտահայտությունը, հարվածների հետևանքով երեխան թուլացել և ընկել է բազմոցին։ Տեսնելով, որ երեխան արդեն թուլացել և ընկել է, տղամարդը բազմոցի ծածկոցը գցել է երեխայի վրա և կրկին բռունցքներով հարվածել է երեխայի գլխին և մեջքին։ Դեպքին ականատես են եղել տղամարդու հայրը և իրենց տանը հյուրընկալած տղամարդ, որոնք հորդորել են դադարեցնել երեխային հարվածներ հասցնելը՝ նշելով, որ երեխան կմահանա։ Հորդորը, սակայն անտեսվել է երեխայի խորթ հոր կողմից, վերջինս վերցրել է երեխայի ծոծրակից, տեղափոխել ննջասենյակ և մտցրել լվացքի մեքենայի մեջ, որտեղ կրկին հարվածներ է հասցրել երեխային։

Ստացած վնասվածքներից էլ փոքրիկը մահացել է։

 

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել խորթ հորը՝ սպանության ու հոգեկան, ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, երեխայի մորը և խորթ տատին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։ Երեխայի խորթ հայրը և մայրը կալանավորվել են, տատի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250