Քվեարկության օրն ակնկալվում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ․ ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ, ասվում է Դատախազության տարածած հաղորդագրությունում:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:
Նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը:
Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:
Օրենսգրքի 67–րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Այսինքն` տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պարտավոր են վերը նշված բոլոր դեպքերում իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ:
Ընտրական գործընթացի մասնակիցների, ցանկացած անձի կողմից իրենց լիազորությունները՝ օրենսգրքի վերը նշված ընթացակարգերի շրջանցմամբ կամ անտեսմամբ իրականացնելը, որը կատարվել է բռնությամբ կամ դրա սպառնալիքով, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի համաձայն՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն ազդել է կամ կարող էր ազդել ընտրությունների բնականոն գործընթացի վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ ընդհուպ վեց տարի ժամկետով:
Հորդորում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին քվեարկության ողջ ընթացքում ընտրական օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնել բացառապես օրենսգրքով սահմանված կարգով:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Չարչյանն ընդունել է գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյանը՝ հայտնի ձայնագրության մասին
Ինչպես արդեն տեղեկացվել է, բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություննե...
Հրապարակվել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678, որից- այլ համայնքի հաշվա...
ԱՀԱԶԱՆԳ. Հրահանգ է ստացվել «անցանկալի» քվեաթերթիկների դարձերեսին նշումներ կատարել դրանք անվավեր ճանաչելու նպատակով
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կո...
Ահազանգ. կուսակցական հրահանգ է ստացվել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ, այլ նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կո...