«Ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այս ընտրությունների նախաշեմին չի սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր:
«Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, և այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Բացի որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, և ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Երկրորդը, ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է», - ասել է Մինասյանը։
-
Ղարաբաղը պարտություն էր բոլորի համար, դուք մտածում եք արցախյան հարցը լուծվե՞լ է: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա նշեց՝ տեղի ունեցածից, բացի ՀՀ-ից և Արցախի Հանրապետությունից, որը փաստացի գոյություն չունի, ոչինչ չեն շահել նաև Իրանը և Ադրբեջանը։
«Ես Ադրբեջանում մեծ խնդիրներ եմ կանխատեսում։ Իլհամ Ալիևը չի կարող իշխանությունը պահել առանց նոր պատերազմի, նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում ուներ հայ զինվորներ, որոնց միջազգային հանրությունը հանդուրժում էր, որ մեկ-մեկ կարելի է կրակել, այսօր ունի ռուս խաղաղապահներ։ Ի՞նչ ունի նա, չլուծված հարց և ռուսական զինված ուժեր»,-նշեց նա։
Անդրադառնալով Ռուսաստանին՝ Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում հակառուսական այնպիսի քաոս է սկսվել, որ քանդելու է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Նա ընդգծեց՝ դիվանագիտական 30 տարվա աշխատանքը, այդ թվում՝ ռուսական կողմի, զրոյացավ մեկ օրում։
«Ի՞նչ շահեց ՀՀ-ն, ի՞նչ շահեց Ադրբեջանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ խոսում եմ համանախագահների մասին։ Միակը, որը շահեց, նեոօսմանյան կայսրությունն էր, որը վերադարձավ Կովկաս։ ՌԴ-ի ու Հայաստանի «շահը» օսմանցիների վերադարձն էր Կովկաս և, անշուշտ, նաև Ղարաբաղ»,-ասաց նա։
-
Անցյալի հետ հաշտվելու մեկ ճանապարհ կա, ընդունել անցյալը, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Եթե ես կարողանայի որոշել, ես կորոշեի հետևյալ ձևաչափով, պատերազմի ընթացքում մարդկանց մահ պատճառած անձնավորություններին հանած՝ բոլորին պետք է տալ երկրորդ հնարավորություն։ Միակ բանը, որը չի ներվելու, ուղիղ դավաճանությունն է։ Վստահորեն կրկնում եմ՝ արցախյան 3-րդ պատերազմում պարտությունը դավաճանության հետևանք է, իսկ դրա պատճառով զոհվել են տղաներ, զոհվել են, ինչպես բազմիցս նշվել է, հանուն ոչնչի՝ իրենց կարծիքով, իսկ մեր կարծիքով, ապագայի մարդկանց կարծիքով՝ հանուն իրենց հողի, և այդ հողը պարունակում է իրենց արյունը։ Այդ արյունը մեզ պարտավորեցնում է ներել այն ամենը, ինչ կապված չէ այդ արյան հետ», - ասաց նա։
Հարցին՝ ո՞վ պետք է ստանձնի պատասխանատվությունը, Մինասյանը նշեց՝ դա խաչ է, որը պատված է սրբազան արյամբ, դա այնպիսի մի բեռ է և պատասխանատվություն, որը մարդ, ով ուղղակի չի ուզում իր կյանքը նվիրել իր երկրին ու ժողովրդին, ուրեմն միանգամից խաբում է:
«Ես այն մարդը չեմ, որը վստահ գիտի, որ կարողանալու է։ Դա անհնարին դժվար գործ է, բայց ես այն մարդն եմ, որը չի խաբելու, ես երբեք չեմ խաբում», - ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների հաջորդ օրը հնարավոր է քվեատուփերը բացվեն ու տեսնենք, որ Փաշինյանը հավաքել է օրինակ՝ 95 տոկոս ձայն, այսինքն՝ ժողովուրդն ընտրել է անցյալը:
«Մենք ունե՞նք տեղ այդ անցյալում։ Ես անձամբ ինձ անցյալում չեմ պատկերացնում, ինձ պատկերացնում եմ ամեն տեղ՝ բանտում, գերեզմանափոսում, որտեղ այսօր բոլորս ենք հիմա, բայց ես ինձ չեմ պատկերացնում գաղթի մեջ՝ խայտառակված որպես ՀՀ քաղաքացի, և ինձ չեմ պատկերացնում անցյալում։ Հետևաբար ես կռվելու եմ հանուն ապագայի։ Միակ պատճառը, որի համար կուզենայի, ուզում եմ մասնակցել այս ընտրություններին, որ մարդկանց տամ այլընտրանք, որ մարդկանց հնարավորություն տամ չընտրելու անցյալի ու անցյալի մեջ, մարդկանց համոզելու, որ կա ևս մեկ տարբերակ, դա ապագան է։ Կգտնե՞մ իմ մեջ այդքան ուժ, անկեղծ եմ ասում, դժվար է դա, որովհետև հասկանում եմ, որ այդ պահից չունեմ վերադարձի տարբերակ, բայց եթե հանկարծ ես իմ մեջ գտնեմ այդ ուժը, գնալու եմ մինչև վերջ, եթե նույնիսկ մարդկանց 97 տոկոսը ընտրի անցյալը, 3 տոկոսի հիման վրա մենք կկառուցենք նոր երկիր, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի այլընտրանք, Նիկոլ Փաշինյանը պատժվելու է», - ասաց նա։