Բաքվի շքերթը վիրավորանք եւ նվաստացման փորձ էր ոչ միայն հայերին եւ Հայաստանին, այլեւ Ռուսաստանին. Կոնստանտին Զատուլին
Բաքվում կազմակերպված շքերթը վիրավորանք եւ նվաստացման փորձ էր ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլեւ որպես Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ պայքարի միջեւ Ադրբեջանի նախագահի արված զուգահեռները կեղծ են եւ վիրավորական եւ արժանի դատապարտման: «Ռուսաստանը հասկանում է, որ ստորագրված հայտնի համաձայնագիրը ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծումը չէ, քանի որ դրանում ոչինչ չի ասվում ԼՂ մնացած մասի կարգավիճակի մասին: Ես կտրականապես անհնար եմ համարում ուժի միջոցով բանակցություններ վարելը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հայտնվելուց հետո, հուսով եմ, դա տեղի չի ունենա: Ալիեւը հասկանում է, որ Զանգեզուրի, Երեւանի եւ Սեւանի՝ Ադրբեջանին «պատկանելու» մասին հայտարարությունները սադրանք են»,-ասել է պատգամավորը: Զատուլինը հիշեցրել է, որ Ալիեւը խոսել է Երեւանի խանության մասին դեռեւս մի քանի տարի առաջ:
«Նրա պահանջներն անիրատեսական են: Քարոզչական հայտարարությունները, ինչպես օրինակ՝ Ադրբեջանում գործող քրիստոնեական եկեղեցիների կամ 20 հազար հայերի մասին, որոնք ապրում են Թուրքիայում, որեւէ քննադատության չեն դիմանում: Այդ 20 հազար հայերը, որոնք, իբր, ապրում եւ բարգավաճում են այնտեղ՝ Թուրքիայում, ավելի շատ կլինեին, եթե չլիներ ցեղասպանությունը:
Դրանից հետո որոշ երկրներ իրենց «ֆեյք» տարբերակներն են առաջադրում, թե ինչ է տեղի ունեցել խորհրդային շրջանում Բաքվում եւ Սումգայիթում, քննարկում են Հայաստանից ադրբեջանցի փախստականների հարցը եւ մոռանում են ասել, որ Ադրբեջանից հայ փախստականներն ավելի շատ են: Վառոդը պետք է չոր պահել, սակայն կա երաշխիք, որը հայտնվել է այսօր եւ որը պետք է ամրապնդել, եւ դա Ռուսաստանի միջամտությունն է անմիջապես հակամարտության գոտում»,-եզրափակել է Զատուլինը:
Արցախի հանրապետության ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի՝ հաշվի առնելով, որ ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանը չի վերահսկել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածաշրջանը: Նա նշել է, որ Ղարաբաղում մարտական գործողությունները սկսելու համար հիմնական պատասխանատվությունը կրում է Թուրքիան եւ Ադրբեջանը: «Ստատուս-քվոն եւ պայմանավորվածությունները խախտողը (Ադրբեջան) այդ հակամարտության արդյունքում դարձել է շահառու: Դա շատ ծանր դաս է եւ շատ վատ օրինակ, որը կարող է կիրառվել տարբեր դեպքերում եւ տարբեր կողմերի միջոցով: Ի հայտ են եկել Դոնբասում պատերազմել ցանկացողներ, լարվածություն է նկատվում Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ, եւ այլն»,-հավելել է նա:
«Այն շրջանները, որոնք ակտիվ մարտական գործողությունների դադարեցման պահին զբաղեցված են եղել հայկական ուժերի կողմից, պետք է վերադարձվեին Ադրբեջանին՝ հանելով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ միջանցքի մասին հարցը: Իր ժամանակին իր ներքին պատճառներով Հայաստանը սխալ գործեց՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելը: Ձեւաչափը, որը մինչ այդ կար, ենթադրում էր, այդ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ն, եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունն այդպիսի խոչընդոտ չէր թվում, ինչպես այդ բանակցություններին ԼՂՀ-ի բացակայությունը, որն էլ ավելի հարաբերական ինքնուրույնություն էր ձեռք բերում: ԼՂ գրեթե բոլոր ղեկավարները Հայաստանի ղեկավարներ են դարձել, նրանք գիտեին իրավիճակն ու հույս ունեին, որ հնարավոր է կարգավորման հասնել, սակայն դա տեղի չունեցավ»,-նշել է Զատուլինը:
Նա հավելել է, որ Հայաստանում հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո պատշաճ ուշադրություն չի դարձվել ադրբեջանական սպառնալիքի վրա:
«Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», մի շարք այլ միջոցառումներ, որոնց նպատակն էր հաստատել դա, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարգավիճակի ցուցադրական իջեցում՝ այն հայկական մարզերից մեկի մարզպետի մակարդակին հասցնելու փորձով: Այդ ամենն իր դերն ունեցավ: Փաշինյանին թվում էր, թե դա անհրաժեշտ է ներքին հանգամանքներից ելնելով՝ պայքար նախկին իշխանությունների, այսպես կոչված ղարաբաղյան կլանի դեմ, եւ ապացուցելու ցանկություն, որ չկա խնդիր: Ամեն դեպքում գլխավորը Ադրբեջանի եւ նրան աջակցող Թուրքիայի՝ հարցը ուժով լուծելու ձգտումն էր:
Հայաստանում պետք է դասեր քաղեն այդ պարտությունից: Շատ զարմանալի կլիներ, եթե Հայաստանի հետագա ճակատագիրն անցներ այն մարդկանց արդարացման եւ ինքնարդարացման քողի ներքո, ովքեր թույլ են տվել այդ սխալը, ընդ որում՝ մտադիր լինելով կառչել իշխանությունից նաեւ հետագայում: Գլխավոր հարցերը, որոնք Հայաստանում պետք է լուծվեն, պետք է լինեն՝ ինչպես եւ ում միջոցով վերականգնել Հայաստանը: Հայ ժողովուրդը, նախ, կրել է հսկայական բարոյական վնաս»,-եզրակացրել է պատգամավորը: