Վրաստանի ՊՆ 6 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Վրաստանի ՊՆ ազգային գվարդիայի 6 աշխատակցի մոտ, որոնք մարտի 21-ից գտնվում էին ինքնամեկուսացման մեջ, հաստատվել է կորոնավիրոս: Այդ մասին տեղեկացնում է imedinews.ge-ն: Վարակի հաստատաումից հետո ՊՆ-ում կանխարգելիչ խիստ միջոցներ են կիրառվել: Վարակվածների հետ ուղղակի կամ անուղղակի շփում ունեցող բոլոր անձինք ինքնամեկուսացվել են կամ կարանտինի մեջ են: Մասնավորապես՝ բոլոր վարակված անձինք ու նրանց հետ շփում ունեցողները տեղափոխվել են Գորիի հիվանդանոց: Հայտնաբերվել է վարակի աղբյուրը. վարակվածներից մեկի հայտարարությամբ` ինքը շփվել է Ադրբեջանից վերադարձած հարազատի հետ: Վարակվածների թիվը հնարավոր է մեծ չլինի, քանի որ ՊՆ նախարարի հրահանգով Ազգային գվարդիայի աշխատակիցների մեծ մասը մարտի 12-24-ն աշխատել է հեռահար: Զորանոցային ռեժիմի էին վերադարձել մարտի 21-ից, ինչը հնարավորինս փոքրացնում է վարակման տարածման չափերը: Ի դեպ, Վրաստանը չեղարկել է COVID-19 արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ: Արագ փորձարկման կասկածելի որակ ունեցող բոլոր թեստերը վերադարձվել են Չինաստան: Բանակցություններ են ընթանում մեկ այլ ընկերության հետ: Առաջիկայում առաջին երկու հազար թեստերը կհասնեն Վրաստան: Եթե թեստերի որակը համապատասխանի չափանիշներին, ապա ձեռք կբերվի ևս լրացուցիչ խմբաքանակ: Տիկարաձեի հայտարարությամբ՝ բոլոր թեստերը, որոնք առաքվում են Վրաստան, ուշադիր ստուգվում են, և միայն դրանից հետո են օգտագործվում ախտորոշման համար:
Վրաստանում կա կորոնավիրուսի 85 հաստատված դեպք, այդ թվում, արդեն բուժվել է 16 մարդ: