Ենթադրել էի, որ Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները ձախողվել են․ Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի բանակցություններից մանրամասներ չեն հայտնում, սակայն ես ենթադրել էի, որ բանակցությունները ձախողվել են: Ահա դրա մասին է փաստում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունն Իդլիբում պլան Բ-ին անցնելու մասին:
 

«Թուրքիան այլընտրանքային ծրագրեր է պատրաստել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի համար, եթե նահանգում զինադադարը պահպանելու համար Ռուսաստանի հետ կնքված գործարքը շարունակվի խախտվել, և Անկարան այդ հաղորդագրությունն արդեն փոխանցել է իր գործընկերներին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

 

«Մեր հիմնական նպատակն է կանխել միգրացիան և մարդկային ողբերգությունը: Դրա համար մենք փորձում ենք զինադադար ապահովել և դադարեցնել արյունահեղությունը: Մենք ասում ենք` «Հավատարիմ մնա այս պայմանագրին»: Մենք այնտեղ անցակետեր ունենք: Կա Ադանայի համաձայնագիրը, և կա Ռուսաստանի հետ Սոչիի համաձայնությունը: Մենք ասում ենք, որ այսպես չի կարելի շարունակել»,- վրդովված ասել է Աքարը:

«Մենք հետևում ենք միջազգային իրավունքին և համաձայնագրերին: Մենք վճռականորեն հայտնում ենք մեր օրինական պահանջները: Բայց եթե հաշտությունը շարունակի խախտվել, մենք ունենք B և C պլաններ ևս: Ամեն դեպքում ասում ենք` Մի՛ ստիպիր մեզ: Հակառակ դեպքում, մեր B և C ծրագրերը պատրաստ են»,- արդեն ռազմատենչ հայտարարում է Աքարը:
 

Ես ենթադրում եմ, որ Աքարի B և C պլանները ռազմական գործողություններն են, որի նախադեպը կա արդեն: Դրանք են «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններն են: Սակայն չեմ կարծում, որ Թուրքիան այստեղ դուրս կգա Ռուսաստանի դեմ, բայց նաև չեմ բացառում, որ կթողնի Իդլիբը ռուսներին»:

Քաղաքականություն

Պատահարներ