Գյումրիում տոնական միջոցառումների անցկացումը փոխել է փողոցաշինության տեմպը
Սեպտեմբեր 21-ի համապետական միջոցառումները Գյումրիում անցկացնելու որոշումը փոխել է ավարտի անորոշ ժամկետներով ընթացող փողոցաշինական աշխատանքների տեմպը: Ինտենսիվ շինարարություն է կատարվում մեծ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր փողոցներում: Աշխատանքների տեմպերից կարելի է ենթադրել, թե հիմնական միջոցառումների անցկացման վայրերը քաղաքի որ փողոցներին հարող հատվածներում են լինելու: Շինընկերությունների աշխատուժն ու տեխնիկան կենտրոնացած է 6 փողոցում և 3 հրապարակում։
Գյումրի մտնողի համար առաջին տպավորությունն արդեն դրական է․ Երևանյան խճուղին մոտ 3 կմ երկարությամբ հարթ ու ասֆալտապատ փողոց է, ճանապարահային երթևեկության նշանները տեղադրված են, գծանշումները՝ թարմ ու երևացող, մնում է քաղաքի մուտքը դարձնել ավելի լուսավոր՝ լուսավորության ավելացված կետերի հաշվին:
Այս փողոցի մյուս կարևոր հատվածը, որը շինարարության նախագծով փոփոխության ենթարկվեց, Գարեգին Նժդեհի անվան հրապարակն է։ Ասֆալտապատումն արված է, մնում է համապետական միջոցառմանն ընդառաջ հրապարակի անվտանգության կղզյակի կառուցումն ավարտել: Շրջանաձև երթևեկությունը վերջապես վերականգնվում է, շուտով երթևեկության նշաններն էլ կլինեն:
Օղակաձև հրապարակում առայժմ որևէ արձան չի հայտնվի, այն կանաչապատ օղակ է լինելու։ Հետիոտնային անցումներն էլ Գարեգին Նժդեհի շրջանաձև հրապարակի 3 կողմերով են լինելու։ Փողոցի ասֆալատաշերտի որակի ու պահպանության երաշխիքներ են տալիս, կարևորը անձրևների ու ձնհալի ջրերը չեն կուտակվի հրապարակի և կամրջի տակ:
Ջրահեռացման ցանցն ամբողջությամբ նորացվել է։ Երևանյան խճուղու շարունակություն հանդիսացող Գարեգին Նժդեհի հրապարակում աշխատանքները կավարտի այլ շինընկերություն։
Բայց Գարեգին Նժդեհ փողոցում, որը կապ չունի նույնանուն հրապարակի հետ, դեռևս ծավալուն շինարարության անհրաժեշտություն կա։ Փողոցը Տեքստիլ թաղամասում է, ժամկետների ուշացումներով, շինթերությունների շտկումներով աշխատանքները մեկ այլ շինընկերություն է կատարում:
Տիգրան Մեծը Երևանյան խճուղուց հետո համարվում է քաղաքի բանուկ ու լայն փողոցներից մեկը: Շինարարության դանդաղ տեմպերից այստեղ էլ շինարարն անցել է ակտիվ գործի: Փողոցի մի հատվածն օրվա մեծ մասը փակ են պահում, որ 1․5 տարի շարունակվող նորոգումներն ավարտեն: Մեկ ամսից ավելի է՝ այս փողոցի վրա շինարարը չի կարողանում մայթերի մի հատվածի ասֆալատապատումն ավարտել: Բնակիչները թույլ չեն տալիս, խանգարողն էլ չօգտագործնող տաղավարն է, որը զբաղցենում է 110 քառակուսի մետր մակերես:
Բողոքին միացավ նաև Գյումրիի ավագանու անդամներից մեկը՝ Մխիթար Սահակյանը: Ինքն էլ է այս թաղամասի բնակիչ, բայց որպես ավագանու անդամ տեղյակ էր, որ սեփականատիրոջ տաղավարի նկատմամբ սեփականության իրավունքի ժամկետը վաղուց է լրացել, և քաղաքապետարանը վերջինիս զգուշացրել էր տաղավարը հանելու մասին:
Սեփականատերը՝ Արամ Մանուկյանը, այն տեղափոխելու պահանջը չի կատարել, գործը հասել է դատարան:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում փոխանցեց ու հակառակը պնդեց, թե հողատարածքն ապօրինի չի զբաղեցնում և չի պատրաստվում տեղափոխել տաղավարը։ Բնակիչներն էլ ետ չեն կանգնում իրենց պահանջից: Այս հատվածի ասֆալտապատում թույլ չեն տա:
Վազգեն Սարգսյան փողոցում շինարարության ընթացքին խանգարող արդեն ոչինչ չկա։ Թերությունները վերացրել են, ասֆալատապատումը հատուկ տեխնոլոգիայով ու միայն այստեղ շարունակում են, բայց առանց երթևեկությունը դադարեցնելու, առանց փողոց փակելու, ինչն էլ դժվարացնում է շինարարի գործը։ Գիշերային աշխատանքի գրաֆիկի անցնել հանձնարարված չէ շինընկերություններին։ Երեկոյան մինչև ժամը 21 -ը շինարարները ծանրաբեռնված աշխատում են:
Շինընկերություններն աշխատուժից արդեն չեն բողոքում: