«Փաստ». Օղակը սեղմվում է ոստիկանապետ Օսիպյանի շուրջ

«Փաստ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձեւավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։

 

Համենայն դեպս, մոտավորապես այս սցենարով են պաշտոնանկ արվել Դավիթ Սանասարյանը, Արտակ Զեյնալյանը, ու տպավորություն կա, որ կարծես օղակը սեղմվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ։ Գոնե ոմանք նման ցանկություններ ունեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, որ վերջին շրջանում հրապարակային ակտիվությամբ աչքի չի ընկնում, նախօրեին հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։ «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրամահավաք, եւ ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն եւ շուրջ երեք ժամ պահել այնտեղ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լենա Նազարյանը։ 

 

«Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է: Եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել, ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել եւ ո՞ւմ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ, ու երբեւէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ, եւ ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլեւս չեն լինի»,- գրել է խորհրդարանի փոխնախագահը:

 

Համաձայնենք՝ խորհրդարանի փոխնախագահը բավականին խիստ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության գործողությունների մասով, ու այնպիսի տպավորություն է, որ այս պարագայում ներիշխանական հակասությունները բազմաշերտ են ու ավելի խորքային բնույթ ունեն։

Մի կողմից թիրախավորվում է Վալերի Օսիպյանը, ով վերջին շրջանում քննադատության կիզակետում է տարբեր առիթներով՝ հաճախակի դարձած ՃՏՊ-ներ՝ մահաբեր ելքերով, հանրապետությունում արձանագրված աղմկոտ միջադեպեր՝ սպանության ել քով, եւ այլն։ 

Լենա Նազարյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին շշուկով խոսում են նաեւ իշխանության վերնախավի մի մասում՝ Օսիպյանի գործողությունները համարժեք չեն, ու նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Մյուս կողմից՝ ոստիկանապետը տակավին վերջերս ստացավ գեներալական ուսադիրներ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե առժամանակ ոստիկանությունում կադրային փոփոխություն անելու անհրաժեշտություն չի տեսնում։

Գուցե Լենա Նազարյանի փոքրիկ «ընդվզումը» հենց արձագանք է Օսիպյանի գեներալական կոչմանը։

 

Դժվար է միանշանակ պնդումներ անելը, սակայն իմ նախորդ հոդվածներից մեկում կանխատեսել էի, որ Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո թիրախավորվելու է հենց Օսիպյանը՝ օբյեկտիվ ու հատկապես սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։

Մյուս կողմից՝ Նազարյանի գրառումը բացահայտում է ներիշխանական հակասություն ավելի խորքային խնդրի շուրջ։ Ամուլսարը մնում է այն խնդիրը, որը երկշերտ իրականություն է բացահայտում։ Դա մի կողմից իշխանության անկարողությունն է՝ լուծում գտնել այս կարեւոր հարցում, մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում ներիշխանական հակասությունների առկայությունը։ Լենա Նազարյանը բնապահպաններին գրեթե նույնացնում է ՔՊ-ի հետ՝ անուղղակիորեն համերաշխվելով նրանց պահանջներին, ոստիկանության գործողությունների հետեւում թերեւս կանգնած է իշխանության այն թեւը, որն Ամուլսարի շահագործման կողմնակից է՝ Հայաստանի ներդրումային գրավչության խնդիրը կարեւորելով «մարգինալ» ակտիվիստների դեմ պայքարի համատեքստում։

 

Նման հարցերում Օսիպյանը հաստատապես ինքնուրույն չի կարող գործել, սակայն սա այն դեպքերից մեկն է, որը նրան կարող է դարձնել ներիշխանական հակասությունների կամ կոմպրոմիսների զոհ։

Համենայն դեպս, Լենա Նազարյանի գրառումը խոսում է ներիշխանական նոր հակասությունների մասին, որոնք վաղ թե ուշ ինտրիգային զարգացումներ են ունենալու»:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն