Ի՞նչ ունեցվածք ունեն Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար կազմի անդամները. factor.am
Կառավարությանը ենթակա Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար կազմում ֆինանսապես ապահովված կադրեր են աշխատում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ, ունի 35 հազար ԱՄՆ դոլար և 260 հազար ռուսական ռուբլի, գրում է factor.am-ը:
Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով ձեռքի ժամացույց: Եկամուտները, որոնք ձևավորվում են աշխատավարձից, կազմում են մոտ 2,5 մլն դրամ: Ի դեպ, Արմեն Կոտոլյանը, որը նաև Երևանի ավագանու անդամ է, աչքի ընկավ հունիսի 17-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանի և ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի լեզվակռվին: «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ինձ ասացին, որ քուանշից հետո կապուտ կա, ես Ձեզ քուանշ արդեն հայտարարել եմ, հիմա կապուտ եմ հայտարարում»,- ասել էր Խաժակյանը՝ դիմելով քաղաքապետին: «Բայց թարս կապուտ էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին իրենց ունեցվածքով չեն զիջում նաև տեղակալները: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը 2017 թվականին պաշտոնը ստանձնելիս, հայտարարագրել է բնակարան՝ բնակելի շենքում, առանձնատուն, որին կից եղել են շինություններ, երկու հողամաս և բազմամյա տնկիներ:
Արթուր Մկրտչյանի հայտարարագրում առկա են նաև VOLKSWAGEN PASSAT 2.0 FSI և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներ: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են՝ 4 մլն 800 հազար դրամ և 9 հազար ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները կազմում են 2 մլն 657 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից և գույքի օտարումից: Արդեն 2018 թվականին Արթուր Մկրտչյանի ֆինանսական միջոցների աճ է նկատվում. դրամական միջոցները 4 մլն 800 հազար դրամից դարձել են 5 մլն 850 հազար դրամ, 9 հազար ԱՄՆ դոլարը պահպանվել է: Կրկնապատկվել են նաև աշխատավարձից ստացվող եկամուտները՝ հասնելով 4 մլն 925 հազար դրամի, բացի այս, նա ունեցել է նաև կես մլն դրամի եկամուտ հողամասի վաճառքից:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի մեկ այլ տեղակալ՝ Արման Ավետիսյանը, 2017 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս, հայտարարագրել է հողմաս, մեկ բնակարան, ավտոտնակ և PORSCHE CAYENNE S V8 4.8 մակնիշի ավոտմեքենա: Ըստ հայտարարագրի՝ Արման Ավետիսյանը լուրջ ֆինանսական միջոցների է տնօրինում, որոնք փոխառությամբ է տալիս: Մասնավորապես, նա փոխառությամբ է տվել 5 մլն ռուսական ռուբլի, 68 հազար ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո: Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն դրամ և 64, 5 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ նրա եկամուտն ընդամենը մեկ մլն դրամ է: 2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արման Ավետիսյանը փոխառությամբ հանձնել է 5 մլն ռուսական ռուբլի, 58 հազար ԱՄՆ դոլար, 13 հազար 200 եվրո և 70 հազար դոլար: Արման Ավետիսյանի կինը ևս աչքի ընկող դրամական միջոցներ ունի: Մասնավորապես, 2017-ին պաշտոնյայի կինը հայտարարագրել է 48 մլն 500 հազար դրամ և 115 հազար դոլար: Ավետիսյանի կնոջ՝ Մերի Մնացականյանի տարեկան եկամուտները կազմել են 16 մլն դրամ: Դրամական միջոցները պահպանվել են նաև 2018 թվականին ներկայացված հայտարարագրում: