Քաղաքականություն

50 հոգով կարող ենք շատ լավ աշխատել. Սփյուռքի գործերի հանձնակատար

WRed
50 հոգով կարող ենք շատ լավ աշխատել. Սփյուռքի գործերի հանձնակատար

Սոցիալական ցանցերում այնքան բաներ են խոսում, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են հրապարակումները, որ իր նշանակումը սփյուռքում միանշանակ չի ընդունվել:

Դիտարկմանը, թե տեղեկություններ են եղել, թե ինքը «Դաշնակցության» շահերն է առաջ տարել ԱՄՆ-ում, երբ այնտեղ պաշտոնական այցով է եղել Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, Սինանյանն արձագանքեց, որ 13 տարի հասարակական գործունեությամբ է զբաղվել, քաղաքական գործիչ է, կարող են լինել անձինք, ովքեր իրեն չսիրեն, և դա նորմալ է համարում: «Մարդիկ կարծիքների իրավունք ունեն: Ես եղել եմ Գլենդելի քաղաքապետ և ներկայացրել եմ այնտեղի քաղաքացիների շահերը: Իսկ ինչ ասում եք Մխիթար Հայրապետյանի մասին, դա նրա հետ պարզեք, ես չեմ հիշում այդպիսի բան»,-ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ գաղտնիք չէ, որ իր նշանակումից առաջ էլ վարչապետ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել:

Ինչ վերաբերում է հանձնակատարի գրասենյակին, Սինանյանն ասաց, որ իր տեսլականը 50 հոգի ունենալն է, բայց գրասենյակն ամբողջովին դեռևս չի ձևավորվել: «Գտնում եմ, որ 50 հոգով կարող ենք շատ լավ աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք կազմում: Գլխավոր խնդիրը Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն է, այս պահին վերականգնում ենք վստահությունը Հայաստանի նկատմամբ, որ առաջացել էր նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում»,-հայտարարեց նա:
Հարցին, թե ինչու թողեց ԱՄՆ-ն և եկավ ՀՀ, ինչը գրավեց, նա արձագանքեց՝ հայրենիքը և հայրենիքի զարգացման մեջ գործ ունենալու ցանկությունը: «Հաստատ գիտեմ, որ կարող եմ լավ աշխատել և աշխատանքով պետք է ցույց տամ՝ լավ ընտրություն է եղել, թե ոչ»,-եզրափակեց Սինանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250