Կառավարության հետ համագործակցում եմ հնարավորություններիս չափով․ Վաչե Գաբրիելյան
Ներդրումային միջավայրի տեսանկյունից չեմ կարծում, որ երկուտոկոսանոց հարկային արտոնություններն էական փոփոխություն են մտցնելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Դա չի նշանակում, որ նրանք ունենալու են վնասակար ազդեցություն, հաստատ որեւէ մեկին չեն խաթարի, որ նա ներդրում ունենա, բայց հարկային օրենսգրքով տրված թե՛ շահութահարկի, թե՛ եկամտահարկի արտոնություններն էական ներդրումների գեներացիա չեն անի, սա այլ խնդիր է եւ հիմնականում այլ խնդիրների հետ է կապված։ Կարեւորագույն մասնիկը շուկայի չափն է, դրանից բացի կան իրավական կարգավորումների, դատարանների եւ այլ խնդիրներ»,-նշեց նա:
Հարցին՝ թվային ցուցանիշներով գործող կառավարությունն արդյոք ավելի լա՞վ է աշխատում, քան նախորդ կառավարությունը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ես հիմա պետք է այդ դատողություններն անեմ, այս կառավարության ցանկացած թվին կարելի է համադրել նախորդ կառավարության մի թիվ, ասենք՝ կառավարության 7 տոկոսը նախորդ կառավարության 9 տոկոսի հետ, սակայն կարող է նույն կերպ աշխատավարձը այստեղ ավելի բարձր լինել, քան այնտեղ: Դրա համար նմանատիպ դատողությունների մեջ ես չեմ մտնում։ Ես ասում եմ՝ եկեք նայենք տնտեսական բաշխվածքը, այդ տնտեսական բաշխվածքը եկամուտների ի՞նչ հնարավորություններ է տալիս, միջին աշխատավարձի չափն ինչպիսի՞ն է, այդ քննարկումներն եմ ուզում, որ քննարկման առարկա դառնա։ Հարց եմ տալիս, թե մենք մոտ ապագայում ինչպիսին ենք ուզում տեսնել մեր եկամուտները, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, եթե մենք ունենք 21-22 տոկոս, իմ կարծիքով, բավարար չէ, բայց ասել, թե վաղը պետք է լինի 30 տոկոս, անտրամաբանական է»։
Գործող կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի մասին հարցին ի պատասխան նա նշեց՝ արդեն իսկ հարցեր կան այդ առնչությամբ առաջացած․ «Ես կարող եմ դիտարկել միջնաժամկետ ծախսերի կտրվածքով, որովհետեւ գնահատականը, որը տրված է ուղեկցող փաստաթղթում, տասնյակ միլիարդների է հասնում եւ իմ հաշվարկների նվազագույնով շուրջ 55-60 միլիարդ է, այդ գումարը բարձրացնելու համար որտեղ է, ես դեռ չեմ կարող ասել: Որոշ պատգամավորներ, նախագծի հեղինակներ ասում են, որ իրականում ծախսը լինելու է 6 միլիարդ, բայց եղած օրենսգրքի փաթեթում ես չեմ կարող վեց միլիարդը տեսնել, ես տեսնում եմ տասն անգամ ավելին: Բայց դեռ նշում են, որ աշխատանքը դեռ գնում է եւ խորհրդարանում քննարկման ժամանակ կլինի: Երբ վերջնական հաշվարկները տեսնեմ, կարող եմ ասել: Իմ կարծիքով՝ տեմպը չափից բարձր է արագանալու, բայց կրկին հաշվարկներ են, որոնք կանեմ, կներկայացնեմ»։.
Հարցին՝ այս կառավարության հետ համագործակցում է, նա պատասխանեց․ «Ես համագործակցում եմ կառավարության հետ հնարավորություններիս չափով»: