Քաղաքականություն

Ազնիվ չես․ Ռոմանոս Պետրոսյանը` Սասուն Միքայելյանին

Ազնիվ չես․ Ռոմանոս Պետրոսյանը` Սասուն Միքայելյանին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում հարաբերությունները լարված են ԵԿՄ վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ՝ պայմանավորված Աբովյանի քաղաքապետի…

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում հարաբերությունները լարված են ԵԿՄ վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ՝ պայմանավորված Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում հակասություններով, ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Միքայելյանի երեկվա հայտարարություններին: Նշենք, որ ի տարբերություն Ռոմանոս Պետրոսյանի՝ Միքայելյանն ընտրություններում չէր աջակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին, և հաղթել էր գործող քաղաքապետ, ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը:

 

Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես գրել է.

 

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։

Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»։

 

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն անդրադարձել էր Աբովյանի ընտրություններում և նշել, որ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանն ընտրութուններին պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով. ««Ռոմանոսը ցանկանում էր մարզում դեմք դառնալ, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված որպես թեկնածու պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես նորից դեմ եմ քվեարկել էդ թեկնածուին: Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել ընդհանրապես, այսինքն՝ պահել եմ ՔՊ-ի ամեն ինչը՝  կարգ ու կանոնը, դրան գումարած՝ ես առաջարկել եմ, ասել եմ, որ ճանաչում են Գրիգորյանին՝ ներկայի քաղաքապետին: Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների՝ ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է, այն քաղաքապետներից է, որ բյուջեն կատարել է 100-104 տոկոսով: Այսինքն՝ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել, և դա պետք չէ բերել ուրիշ դաշտ: Սա է եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել ընդհանրապես, ես ՔՊ-ին թիկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պետք է գնաք, ընտրեք գործող քաղաքապետին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250