Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։
Աշխատանքային հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություններ մաղթել՝ հավելելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստակամ է շարունակաբար աջակցել կազմակերպության առաջնահերթ նպատակների արդյունավետ կատարմանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ մատնանշելով դրա դերը խաղաղության մշակույթի հզորացման և կրթության նշանակության միջազգային ճանաչման գործում։ ԿԳՄՍ նախարարն իր հերթին հայտնել է, որ միջազգային հարթակներում կրթության դերի արժևորումը Հայաստանի համար սկզբունքային է՝ որպես խաղաղության, կայուն զարգացման ու փոխըմբռնման հաստատման հիմնարար ազդակ։
Զրուցակիցները խոսել են նաև այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (COP17) մասին՝ փաստելով, որ դրա շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, որոնցում ներգրավված է լինելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Անդրադառնալով կրթական բնագավառին՝ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի առանցքային դրույթները՝ շեշտելով կրթության որակի բարձրացումը, թվային վերափոխումը, ներառականության ապահովումն ու կարողահենք կրթության զարգացումը։ Նա մատնանշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական աջակցության կարևորությունը կրթական քաղաքականությունների մշակման, հատկապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներում՝ արձանագրելով համատեղ կյանքի կոչված ծրագրերի արդյունավետությունը։
Խոսվել է նաև Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի գործունեության, ինչպես նաև կազմակերպության առաջիկա կրթական նախաձեռնություններին մեր պետության մասնակցության մասին, որոնց թվում է 2026 թվականի սեպտեմբերին Փարիզում կայանալիք «Թվային ուսուցման շաբաթ» միջոցառումը։
Մշակույթի ոլորտի համատեքստում ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաների արդյունավետ կատարման և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման հարցում։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ներկայում ընթացքի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացը։
Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններին ու ծրագրերին։ Նա շեշտել է, որ Հայաստանը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից մեկը՝ կարևորելով հատկապես կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու պատրաստակամությունը։