Վրացի պատգամավորը կալանավորվել է «օրենքով գողերի» հետ կապերի մեղադրանքով
Ծագերիի սակրեբուլոյի (տեղական ավագանու) անդամ Լաշա Լետոդիանին վրացի իրավապահների իրականացրած լայնամասշտաբ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված 26 անձանց թվում է:
Վրաստանում իրականացված լայնամասշտաբ հատուկ գործողությունն ուղղված է եղել «օրենքով գողերի» աշխարհի ենթադրյալ անդամների և նրանց հովանավորների դեմ, որի արդյունքում ձերբակալվել է նաև Ծագերիի սակրեբուլոյի անդամ Լաշա Լետոդիանին։ Ըստ քննության վարկածի՝ Լետոդիանին կապեր է ունեցել քրեական միջավայրի ներկայացուցիչների հետ, մասնակցել է նրանց միջև ծագած վեճերի լուծմանը և օգնել այսպես կոչված «գողական օբշչակի» հավաքագրմանը։ Լետոդիանին Ծագերիի ավագանիում գլխավորում է «Ժողովրդի ուժ» խմբակցությունը, որը նախորդ ընտրություններին մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ դաշինքով։
Դատախազության պնդմամբ՝ պատգամավորը մի քանի ամիս շարունակ աջակցել է «օրենքով գողերի» աշխարհի ներկայացուցիչների գործունեությանը, վարձատրության դիմաց մասնակցել է ֆինանսական վեճերի լուծմանը և կապ է պահպանել քրեական հեղինակություն Շալվա Նակեուրիի հետ։ Քննությունը նաև հայտարարում է, որ Լետոդիանին փորձել է կապ հաստատել արտերկրում գտնվող, այսպես կոչված, «օրենքով գող» Բեսիկ Ջափարիձեի հետ։ Մեղադրանքի համաձայն՝ քննությունն ունի ձայնագրություններ, որոնցում վեճի մասնակիցները, իբր, սպառնում են հաշվեհարդար տեսնել պարտապանների հետ և բռնություն կիրառել նրանց հարազատների նկատմամբ։ Դատախազությունը պնդում է, որ ապացույցների մի մասը ձեռք է բերվել Լետոդիանիի մեքենայում տեղադրված գաղտնալսող սարքի միջոցով։
Պատգամավորը հերքում է մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ Լետոդիանին չի ընդունում իր մեղքը և չի հասկանում իրեն ներկայացված պահանջների էությունը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Լետոդիանիի և գործով անցնող ևս ինը մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ մինչև քննության ավարտը։ Պաշտպանական կողմը խնդրել էր պատգամավորին ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատարանը պաշտպանել է դատախազության դիրքորոշումը՝ մատնանշելով վկաների վրա հնարավոր ճնշում գործադրելու, ապացույցները ոչնչացնելու կամ թաքնվելու փորձերի ռիսկերը։
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են «օրենքով գողերի» աշխարհի գործունեությանը աջակցելուն, հանցավոր խմբավորմանը մասնակցելուն և զենքի ապօրինի շրջանառությանը։ Մեղքը հաստատվելու դեպքում մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։ Հատուկ գործողությունն իրականացվել է հուլիսի 8-ին։ Իրավապահներն ընդհանուր առմամբ ձերբակալել են 26 հոգու, ևս երեքին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Ըստ քննության վարկածի՝ կասկածյալների մի մասը գումարի դիմաց որպես միջնորդ է հանդես եկել քրեական աշխարհի հակամարտություններում՝ հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու համար ներգրավելով հանցավոր հիերարխիայի բարձրագույն ներկայացուցիչներին։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...