19:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի դեպքերի պակաս չկա, 44-օրյա պատերազմի զեկույցը հնարավոր է հրապարակվի
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվան հետ կապված նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ընտրակաշառքի դեպքեր։ Ըստ նախնական տվյալների՝ մի խումբ անձինք քաղաքացիներին գումար են առաջարկել ու փոխանցել՝ ԱԺ ընտրություններին կուսակցության օգտին քվեարկելու և քարոզչություն իրականացնելու դիմաց։ Կան ձերբակալվածներ, իրականացվել են խուզարկություններ և այլ քննչական գործողություններ։
• ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խիստ արձագանքել է Հայաստանում 300 հազար ադրբեջանցու բնակեցման մասին տարածվող տեղեկություններին։ Նա հայտարարել է, որ նման պնդումները իրականության հետ կապ չունեն և դրանք ուղղված են հասարակական զգայուն թեմաներով մանիպուլյացիա անելուն։ Նախարարը ընդգծել է, որ այդ թեզերի կրկնությունը կամ անտեղյակության, կամ դիտավորյալ ապատեղեկատվության հետևանք է։
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ դեմ չէ ապագա խորհրդարանում կոալիցիայի ձևավորմանը։ Նրա խոսքով՝ կուսակցությունն արդեն ներկայացրել է իր ծրագիրը, սակայն պատրաստ է քննարկել նաև այլ ընդդիմադիր ուժերի առաջարկները։ Ծառուկյանը նշել է, որ եթե այլ ծրագրերում լինեն ավելի օգտակար դրույթներ, ինքը պատրաստ է աջակցել դրանց։
• «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը քննադատել է իշխանությունների կողմից զորահանդեսների անցկացումը։ Նա հայտարարել է, որ նման միջոցառումները ներկայիս իրավիճակում ավելի շատ հիշեցնում են իշխանությունների ձախողումների ցուցադրում։ Կարապետյանի խոսքով՝ պատերազմներում պարտություններից հետո նման հանդիսավոր քայլերը հասարակության մոտ բացասական ընկալում են ձևավորում։
• Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին մոտեցել են անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները։ Նրանցից մեկը նշել է, որ իր որդին գերի է համարվում, ոչ թե զոհված։ Վարչապետը հանձնարարել է հարցը ճշտել և իրեն զեկուցել։ Քննարկվել է նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը, որի վերաբերյալ Փաշինյանը հայտնել է, որ կողմ է հրապարակմանը՝ որոշ քաղաքական հատվածներ փակելուց հետո։
• Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Աստանայում ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի շուրջ առաջացած հարցերը։ Նրա խոսքով՝ ուշադրություն է դարձվելու նաև ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության հնարավոր ռիսկերին։ Հայտնի է դարձել նաև, որ նիստին Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
• Իրանում երկարատև սահմանափակումներից հետո ինտերնետ հասանելիությունը սկսել է վերականգնվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շուրջ 88 օր տևած անջատումներից հետո կապը փուլային կերպով վերադարձվում է բնակչությանը։
• Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Հանդիպման ընթացքում Զելենսկին կատակով անդրադարձել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նշելով, որ հանդիպման մասին խոսել էր Լուկաշենկոն, սակայն Կիև է ժամանել Տիխանովսկայան։