Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան. Քոչարյան
Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս տարածաշրջանում ավանդաբար ունեցել ենք երկու երկիր, որոնց հետ խնդիրներ ենք ունեցել՝ Թուրքիան և Ադրբեջանը, և երկու երկիր, որոնց հետ ունեցել ենք բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ՝ Ռուսաստանն ու Իրանը։ Ռուսաստանի հետ ունենք լուրջ պայմանագրային բազա անվտանգության ոլորտում, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, իսկ Իրանի հետ ձևավորվել են երկարամյա բարեկամական հարաբերություններ։
Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրները պահպանվում են։ Այո՛, փորձում են գնալ խաղաղության, և մենք նույնպես կողմնակից ենք խաղաղությանը։ Բայց խաղաղությունը մատի մեկ շարժումով չի հաստատվում։ Դրա համար ժամանակ, հարաբերություններ և իրավապայմանագրային հիմք է անհրաժեշտ։ Սակայն այսօր մենք միաժամանակ լրջորեն քայքայում ենք հարաբերությունները նաև Ռուսաստանի և Իրանի հետ։ Մենք շատ փոքր երկիր ենք նման շքեղություն մեզ թույլ տալու համար»,–ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով, պետք է չքանդել այդ հարաբերությունները, այլ պահպանել ու ամրապնդել դրանք և այդ հիմքի վրա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Որքան թույլ ես, այնքան թույլ են քո բանակցային դիրքերը։ Այն, ինչ այսօր արվում է, ըստ էության, Հայաստանի դիրքերի թուլացում է բարդ բանակցային գործընթացում։ Մենք չենք կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խանգարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը»,– նկատել է նա։
Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանը միաժամանակ ապահովել Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությունը, երկրորդ նխագահը պատասխանել է. «Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի հետ։
Ֆրանսիայի հետ լավագույն հարաբերությունները՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ անձամբ Ժակ Շիրակի հետ, եղել են իմ նախագահության տարիներին։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն խանգարել Եվրոպայի ու Ֆրանսիայի հետ մեր համագործակցությանը։
Սակայն պետք է հասկանալ, որ Ֆրանսիան այս տարածաշրջանում անվտանգային առումով իրական ազդեցության ռեսուրսներ չունի։ Կարող է հայտարարություններ անել և վերջ։
Եվ ամեն անգամ Ալիևը շատ կոպիտ է արձագանքել՝ հստակ ցույց տալու համար, որ Ֆրանսիան ազդեցություն չունի տարածաշրջանային հարցերում։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը, որը չունի անվտանգության սեփական կառուցվածք։
Ռուսաստանի դերը մեծանում է այս տարածաշրջանում, և Թուրքիայից բացի, ոչ մի այլ տերություն ի վիճակի չէ հակադրվելու նրա տնտեսական, ռազմական և, իհարկե, ազդեցության մյուս բոլոր ոլորտներին»։
Դիտարկմանը, որ ԱՄՆ–ն TRIPP նախագծով փորձում է ամրապնդվել տարածաշրջանում, արդյոք դա լավ նախագիծ է, Քոչարյանն արձագանքել է. «Ո՞վ գիտի, թե ինչ է մտածում Թրամփը։ Ես պատկերացում չունեմ։ Չեմ կարծում, թե սա լավ կամ վատ նախագիծ է․ կարծում եմ՝ այն պարզապես չի աշխատի։ Հարցն այն է՝ արդյո՞ք այն իրականանալի է։ Ես չեմ տեսնում, թե Հայաստանը ինչպես կարող է դրանից օգուտ քաղել։ Սա նախագիծ չէ Հայաստանի համար․ սա նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ նրանց Կենտրոնական Ասիային կապելու նպատակով։
Մենք այդ ճանապարհից, ըստ էության, ոչինչ չենք ստանալու՝ բացի 40-50 կիլոմետրանոց տարանցիկ հատվածից գոյացող փոքր եկամուտներից։ Բավական է պարզապես նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ սա Հայաստանի նախագիծ չէ։Մենք չենք կարող տարանցիկ երկիր դառնալը դարձնել մեր տնտեսական զարգացման հիմքը կամ մտածել, թե դա կարող է մեր տնտեսության էական մասը կազմել»։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը ծրագրում ներդրումներ գրավել ու զարգացնել Հայաստանը, Քոչարյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ տարածաշրջանում ավելի շատ երթուղիներ բացելով։ Մեր հիմնական առևտրային ուղին Ադրբեջանը չէ, այլ Վրաստանը։ Իսկ ապագայում, եթե կարողանանք բարելավել հարաբերությունները, կարող է դառնալ նաև Թուրքիան։
Բայց ամենակարևորը՝ մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Իր բնակչության ներուժի և կրթական մակարդակի շնորհիվ Հայաստանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերական երկրներից մեկն էր՝ զգալիորեն առաջ անցնելով Ադրբեջանից։
Մենք պետք է իրականացնենք արդյունաբերությունը Հայաստան վերադարձնելու ծրագիր։ Խոսքը ծանր արդյունաբերության մասին չէ, որը պահանջում է մեծ ծավալի հումքի ներմուծում, այլ բարձր տեխնոլոգիական և առաջատար արդյունաբերության, առանց որի ես Հայաստանի ապագա չեմ տեսնում։
Մենք ունեինք բազմակողմանի ինժեներների հզոր դպրոց, որն այսօր աստիճանաբար կորցնում ենք։ Ամեն օր կորցնում ենք այն կարևորությունը, որը ժամանակին ունեցել ենք Խորհրդային Միությունում։ Մեր մարդկային ներուժը հաջողության պատմություն է, որը հնարավոր է վերականգնել։ Մենք կարող ենք շարժվել այդ ուղղությամբ։
Ի՞նչ է անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։ Բիզնեսի անվտանգություն, երկրի կայունություն և գրավիչ տնտեսական քաղաքականություն։ Եթե ստեղծես նման բարենպաստ միջավայր, ներդրումներ անպայման կլինեն։ Ես դա զգացել եմ իմ անձնական փորձով»։