
Իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել. Փաշինյան

Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է նաև «հետընտրական պրոցես» հասկացությունը, մինչդեռ 2018-ի հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքում ամենահաճախ օգտագործվող տերմինն էր, մարդիկ գիտեին, որ ընտրություններից հետո հետընտրական պրոցես է լինելու: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց սա չի նշանակում, որ մեր երկրում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի: Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել: Խնդիրն այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ՝ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար: Որպես հետևանք՝ ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական և ընտրական պրոցեսից դուրս թողնելու գործնական մեխանիզմները կա՛մ բացակայում են, կա՛մ անորոշ են, մյուս կողմից էլ՝ նման մեխանիզմների գործարկումը կարող է մեկնաբանվել որպես ընտրությունները վերահսկելի դարձնելու փորձ, չնայած ընտրակաշառքով մանդատ ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ ՏԻՄ-երում ընկալվում է որպես ժողովրդավարության անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք ընտրությունները փողի գործադրմամբ օգտագործվում են ընդդեմ ժողովրդավարության:
Սրան գումարվում է ապատեղեկատվությունը, իսկ Հայաստանի դեպքում դա առավել խնդրահարույց է, որովհետև լրատվական ռեսուրսների մեծ մասը 2018 թվականի հեղափոխության, իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն ներկայացող ուժերի տնօրինման ներքո է, որոնք իրենց ապօրինի կուտակած հարստությունն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից փրկելու համար դրա մի մասը ծախսում են ապատեղեկատվության տարածման վրա: Շատ դեպքերում նրանք աջակցություն են ստանում իրենց համախոհ արտերկրյա ուժերից»,- ասել է Փաշինյանը: