
Հայրենի կիլդիմները, բիզիմդիրները թող չնեղվեն, թե ինչպես է Ալիևը բեղերի տակ ստորացնում Հայաստանը. Թաթուլ Հակոբյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հինգ տարվա մեջ առաջին անգամ լսեցի Ալիևին
Մասնագիտության բերումով պարտավոր եմ հետևել Ադրբեջանի պաշտոնական բոլոր տեքստերին: Վերջին հինգ տարիներին՝ մեր աղետալի և ստորացուցիչ պարտությունից հետո, Իլհամ Ալիևին չէի կարողանում լսել ու նայել, բայց կարդում էի:
Ամոթը, ստորացումն ու նվաստացումը, թվում է, հաղթահարել եմ:
Ալիևի վերջին ելույթը ծայրից ծայր լսելուց հետո, ավելի ճիշտ այդ ընթացքում, հիշեցի, թե ինչպես էին ավազակապետական համակարգի ծառաները կիլդիմ մուլտիկներ նկարում աղքատ երկրի բյուջեի հաշվին, ինչպես էին մոլեռանդ հանրապետականներն ու հայրենասեր քոչարյանականները բիզիմդիր անում և ազերբառան վիրավորանքներ հնչեցնում, ծաղրում Ադրբեջանին այն ժամանակ, երբ նրանք պարտված էին, այսօրվա մեր վիճակում էին, եթե կուզեք՝ մեր վիճակից էլ շատ անգամներ վատ վիճակում էին:
Այնպես որ, հայրենի կիլդիմները, բիզիմդիրներն ու ազերբառանները թող չնեղվեն, թե ինչպես է Ալիևը բեղերի տակ ստորացնում Հայաստանն ու նրա ժողովրդին:
Այդ Ալիևին նաև Դուք եք այդպիսին դարձրել:
Թող չնեղվեն նաև մեր այս աղետի մեղավոր ու պատասխանատու ՔՊ-ական իշխանությունները, որովհետև նրանք երկու տարուց ավելի ժամանակ ունեին Արցախի հարցում առաջ գնալու, սակայն նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ակնարկում Ադրբեջանում ևս հեղափոխություն անել, հոխորտում Ադրբեջանի և անգամ Թուրքիայի դեմ:
Երբ Աքրամ Այլիսլիի նման մեկը գտնվեց Ադրբեջանում, ով ունեցավ համարձակություն խոսելու անցյալ ցավերից, Հայաստանում այդս մարդու գիրքը առանց թույլտվության թարգմանեցիք ու էլ ավելի մեծ հարված հասցրիք նրանք:
Աքրամի ուղերձը՝ Քարե երազները, ադրբեջանցի ժողովրդին էին ուղղված, բայց նաև մեզ, բայց մեր մեջ չեղավ մեկը, որ հրապարակավ այլ տեքստ ասեր:
Ուրեմն, կերե՛ք, ավելի ճիշտ՝ միասին ուտենք Ալիևի ծաղրն ու ստորացումը»: