Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են սպասվում
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ տեղի կունենան մայրաքաղաքի Մոսկովյան և Իսահակյան փողոցներում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Աբովյան - Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից միչև Աբովյան փողոց:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով»,-ասված է հայտարարության մեջ: