Մոսկվայում նոր պահանջներին համապատասխանում են տաքսու վարորդների միայն 25%-ը
Սեպտեմբերի 1-ից նոր պահանջներին համապատասխան պարտադիր աշխատանքի թույլտվություն է ստացել տաքսու վարորդների միայն 25%-ը։
Տաքսու վարորդների մնացած երեք քառորդն աշնան սկզբից կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը։
Դրա մասին, ըստ «Известия»-ի, ասվում է «Թվային աշխարհ» թվային հարթակների օգտատերերի միության հայտարարության մեջ։
Սոցիալական ակտիվիստները Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված նամակում խնդրում են փոխել ոլորտի նոր պահանջի ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ըստ որի տաքսու վարորդները մինչև սեպտեմբերի 1-ը պետք է փոխադրողի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձևակերպեն, հայտնել է Регнум գործակալությունը։
Այն ուղևորության ընթացքում պետք է ապահովի տաքսիների հաճախորդների անվտանգությունը։ «Բայց դա անելու համար նրանք պետք է տաքսի քշելու թույլտվություն ստանան:
Այսօր այդ թույլտվությունն ունի վարորդների միայն 25 տոկոսը՝ հիմնականում Մոսկվայից»,- նշել են նամակի հեղինակները։
Ինչպես պարզաբանել է ասոցիացիայի ղեկավար Վալերի Կորնեևը, ագրեգատորների տվյալներով, ներկայում տաքսի ծառայություններում 2,5 միլիոն մարդ է աշխատում։
1,5 միլիոն ինքնազբաղվածներից գործունեության թույլտվություն է ստացել միայն 21 հազարը, այսինքն՝ ընդհանուր թվի 1,5 տոկոսը։ 600 հազար տաքսի ծառայությունների աշխատողների 60%-ը՝ հիմնականում՝ մոսկվացիներ, ունի այդ թույլտվությունը։
Այսպիսով, աշնան սկզբից նոր պահանջների ուժի մեջ մտնելու պահից վարորդների 75%-ը տաքսի ծառայությունների ոլորտում չի կարողանա աշխատել։
Տաքսի քշելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է մեքենան ներկել տարածաշրջանում սահմանված գույներով, ինչպես նաև ունենալ ճանապարհային թերթիկ՝ ամենօրյա բժշկական և տեխնիկական զննումների վերաբերյալ նշումներով։
Միևնույն ժամանակ, ընդգծել է Կորնեևը, Ռուսաստանում չկա ենթակառուցվածք, որի շրջանակում ինքնազբաղված վարորդները կարող են կատարել այդ պահանջները։
Ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել պահանջների ուժի մեջ մտնելու հետաձգմանը: Ինչպես նշել են գերատեսչությունից, նորամուծությունները կբարձրացնեն ուղևորների ապահովագրական պաշտպանվածությունը։