Հունիս ամսվա եղանակային կանխատեսումը
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն:
Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ +11…+14°C, Լոռիում՝+13…+15°C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում՝ +17…+19°C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում՝ +20…+23°C:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6°C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4°C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը՝ 1.7°C (1967թ., հունիսի 5): Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում՝ 42°C: Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012 թթ.-ին, երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով: Զով հունիսներ եղել են 1933, 1967, 1968, 1978թթ.-ին, երբ ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:
Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունը հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում՝ ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը: Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:
Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում՝ 120-130մմ, նվազագույնը՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ 20-30մմ: Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ.-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ.-ին: Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։