ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանում զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս մասին գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:


Նա, մասնավորապես, նշել է. «Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի և գործառույթների փոփոխության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել նաև խորհրդային տարիներին / 1969 թ. հուլիսի 26-ին ադրբեջանցիները քանդում են Բանանց գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանը, 1987 թ․ -ին Չարդախլու գյուղում ադրբեջանցի զավթիչների կողմից պայթեցվել է ԽՍՀՄ կրկանակի հերոս Մարշալ Բաղրամայնի արձանը, նույն թվականին Մարշալ Բաղրամյանի և Բաբաջանյանի թանգարանը վերածվել է թեյարանի/։


Այս քաղաքականությունը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաև հոգեբանական ահաբեկչություն` հաշվի առնելով այդ հուշարձանների առանձնակի կարևորությունը հայ ժողովրդի համար։ Մայիսի 13-ին karabakhrecords տելեգրամյան ալիքը հրապարակեց լուսանկարներ, որի ուսումնասիրմամբ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախ դարձավ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։ Հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել հանուն հայրենիքի նահատակված հերոսների բազմաթիվ հուշահամալիրներ և հուշարձաններ։


Մասնավորապես՝ Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը, Անատոլի Զինևիչի կիսանդրու ավերումը։ Ադրբեջանցի վանդալները ավերել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը՝ Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ: Արցախի Մարտակերտի շրջանի Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ։


Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, Ստեփանակերտում Ադմիրալ Իսակովի կիսանդրու քանդումը, Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են ԽՍՀՄ քաղաքական գործիչ, Սոցիալական աշխատանքի հերոս Հովհաննես (Իվան) Թևատրոսի (Ֆեոդորովիչ) Թևոսյանի կիսանդրին, Վազգեն Սարգսյանի արձանի ավիրումը, Արմենակ Խանփերյանցի կիսանդրու և «ՄիԳ-17» կործանիչի ավերումը Մեծ Թաղերում։ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը։ Այս ցանկում ընդգրված հուշարձանների թիրախավորման փաստերը հրապարկվել են MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակում և Հայկական լեռնաշխարհի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի պաշտոնական էջերում։ Այս ցուցակը ամբողջական չէ և պարբերաբար համալվում է վանդալիզմի նոր փաստերով։ Նշված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։


Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ ՌԴ քրեական օրենսգրքի 243․4 հոդվածը քրեական պատասխանատվության է սահմանում ՌԴ տարածքում և նրա սահմաներից դուրս Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման կամ դրանց դեմ ուղղված վանդալիզմի այլ դրսևորումների մասով»։