ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում. Բագրատ Սրբազանը` զգուշացրեց նախարարին
Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևան-Սևան մայրուղում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից հնարավոր բռնի ուժ կիրառելուն։
Հարցին՝ ի՞նչ է լինելու Եկեղեցու հետ, եթե շարժումը չհաջողի, պատկերացնո՞ւմ եք ինչ հարվածներ է ստանալու Եկեղեցին, Սրբազանն արձագանքեց, որ հիմա դրա ժամանակը չէ․
«Մեր երկիրը գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդը ստորացած, նվաստացած է, ամեն տեղից ելնող ու չելնող՝ մանավանդ թշնամական կողմից, մեզ պարտադրում են, թելադրում, մեզ ի՞նչ է մնացել անելու, բացելու ձեր սուրն ու մեր պարանո՞ցը, այդպես հա՞, մենք պարզ, խաղաղ, հանգիստ, հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով դուրս ենք եկել»։
Հարցին էլ՝ բախում կլինի՞, նա պատասխանեց՝ ոչ, ինչո՞ւ պետք է բախում լինի։ Սրբազանը դիմեց ուժային կառույցներին․
«Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ, վախեցրել եք սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար էլ է պահանջում։
Հարգելի իրավապահներ՝ ԱԱԾ, Ոստիկանություն, կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին, Վահե՛ Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ Ձեզ, Դուք էլ ինձ եք ճանաչում։ Որևէ ձևով, որևէ կերպով անօրինական որևէ հրաման, հրահրում տեղի ունեցավ առաջին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու։ Մյուս իջևանցիներին էլ եմ ասում՝ բոլորիդ, բավական է, դուք շատ լավ եք ճանաչում ինձ, իմ մտածումներն էլ գիտեք, ապրումներն էլ ու կիսում եք այդ բոլորը, հոգ չէ, որ պատերի տակ եք խոսում»,- շեշտեց նա։