Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին. Չալաբյանը՝ Ադրբեջանի պահանջի մասին

«Արցախում աղետը շարունակվում է. Արցախում 20 հազար մեր հայրենակիցներ գիշերում են բաց երկնքի տակ, Արցախում մեր բանակն այսօր պետք է զինաթափվի, թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնել, որ իր տարածքում դատի նրանց և, ամենայն հավանականությամբ, դատապարտի կամ ցմահ ազատազրկման, տաժանակրության, կամ մահվան»: 
 

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը: 

«Ճանապարհը մինչև հիմա փակ է, երթևեկություն չկա, Ստեփանակերտը շրջափակման մեջ է, Մարտունին ու Մարտակերտը շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են: Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության և նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում և որի պատանդն ու զոհերն են դարձել մեր հայրենակիցները: Այսօր Արցախը դեռ արնաքամ է լինում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արնահոսությունը դադարեցնենք»,-ասել է նա: 


Չալաբյանը նշելնէ  մի քանի քայլեր, որոնք պետք է տեղի ունենան առաջիկա մի քանի օրերին.
 

 «Առաջինը, ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին,
 

 երկրորդ, ճանապարհները Արցախի հետ պետք է բացվեն, մենք պետք է հնարավորություն ունենանք մեր հայրենակիցներին հասցնել ամենաանհրաժեշտը՝ սնունդ, հագուստ, վառելիք, վրաններ և այլն: 

Երրորդը, 10 հազարից ավել մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից, նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց տները, ինչքանով դա հնարավոր է: Եվ ամենակարևորը, մեզ ուզում են համոզել, որ հայոց պատմության վերջին էջը շրջվել է և Արցախը կորսված է: Դա այդպես չէ: Եկեք երդվենք, որ չենք համակերպվի Արցախի կորստի հետ: Մեր երեխաները և թոռները Արցախը հետ են վերադարձնելու: Իսկ դրա համար շատ կարևոր է, որ այն, ինչ մնացել է Արցախից, պահպանվի»,-հայտարարել է Չալաբյանը: 

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով քննարկմանը, Չալաբյանը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ առաջարկել է, որ Արցախ մտնի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն. «Գուցե դա այն տարբերակներից մեկն է, որը գոնե ժամանակավոր կկարողանա Արցախում խաղաղություն պահովել, մինչև Հայաստանը ազատվելով այս խամաճիկային ռեժիմից, վերականգնի իր ուժերը: Մենք պետք է հասկանանք, որ եթե չլինի այդպիսի առաքելություն, Արցախի ժողովրդին հիմա էլ պատանդ պահելով ստիպի Հայաստանին հանձնել Սյունիքը կամ միջանցք Սյունիքով: 

Ուստի կարևոր է, որ առաջիկա օրերին Հայաստանի ողջ պետական համակարգը լծվի միջազգային գործընկերների հետ անմիջական աշխատանքի, որքան էլ այս սրիկան մեզ խանգարի: Գնացեք, լծվեք գործի և արեք ամեն ինչ, որ միջազգային հանրության կարևորագույն խաղացողները՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, գուցե նաև Չինաստանը, իրենց ջանքերը համատեղեն Արցախի մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, ճանապարհները բացելու, Ադրբեջանի ցեղասպան պլանները արգելափակելու համար»,-ասել է նա: