
Ադրբեջանցու կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները պահանջում են ցմահ ազատազրկում. «Փաստինֆո»

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռին, պնդում են՝ դատարանը մեղմ պատիժ է սահմանել։ Վերջիններս բողոքարկել են դատավճիռը՝ պահանջելով ադրբեջանցուն դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած և ՀՀ քաղաքացի, ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովին մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Դատավճռի հետ, սակայն, համաձայն չէ տուժող կողմը։ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով նշանակված պատժի մասով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։ Փաստաբանն ընդգծել է, որ նշանակված պատիժը համաչափ չէ և չի նշանակվել պատժի նշանակման սկզբունքների համապատասխան, հաշվի չի առնվել ծանրացնող հանգամանքները։
«Միայն ցմահ ազատազրկումը կարող է ապահովել պատժի նպատակները, հատկապես՝ կանխարգելիչ նպատակը»,- նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ բողոքը ներկայացվել է և դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
Այլ մանրամասները` սզբնաղբյուր կայքում: