
ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն է տարածել

ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել ԱԱԾ մեկուսարանից: Սյս մասին հայտնում է ArmLur.am-ը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հրամանատարության ներքո գործող երկրորդ բանակային կորպուսը եղել է այն եզակի ստորաբաժանումներից մեկը, որի պաշտպանության հատվածում 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել և չի գրավել որևէ մարտական դիրք:
Հիմա, որքան էլ զավեշտալի է հնչում, ինձ մեղադրում են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ նախաքննության մարմնի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի որոշ հատվածներով անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս: Թեև, ի սկզբանե ներկայացված մեղադրանքը եղել է իրավաբանորեն անհիմն և մերկապարանոց, այնուամենայնիվ, նախաքննության ողջ ընթացքում ես հանդես չեմ եկել հայտարարություններով՝ լիահույս լինելով, որ, ի վերջո, վարույթ իրականացնող մարմինն էլ կգիտակցի, որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն է և չի դիմանում ողջամիտ քննադատության»-գրել է նա։
Նշենք, որ գեներալ Արայիկ Հարությունյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։
Դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու եւ դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաեւ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու եւ կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռեւս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որեւէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Մանրամասները՝ փաստաթղթերում․