
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «Ակվատեկ»-ում տեղի ունեցած միջադեպի մասին

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։
Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, ընդգծում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։
«Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնել էինք, որ Վանաձորից Երևան մեկնած հաշմանդամություն ունեցող 8 երեխայի արգելել են մուտք գործել «Ջրաշխարհ» (ավելի ուշ պարզվեց՝ «Ակվատեկ») ՝պատճառաբանելով, թե նրանք կխանգարեն մյուսների հանգիստը: Տեղեկությունը հրապարակվել էր երեխաներից մեկի տատիկի՝ համացանցում հնչեցրած ահազանգի հիման վրա:
«Ջրաշխարհ»-ը պատասխանել է իրենց ուղղված մեղադրանքներին՝ հերքելով դրանք ու խոստանալով շուտով փաստեր հրապարակել: