Թուրքական մեդիահոլդինգները խզում են կապերը Reuters-ի հետ Էրդողանի որդու մասին հոդվածից հետո

Թուրքական Albayrak և TürkMedya մեդիահոլդինգները երեքշաբթի հայտարարել են, որ խզել են իրենց պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի դեմ «անհիմն մեղադրանքներով» հոդվածից հետո։
 

Էրդողանի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Reuters-ի հիշյալ հոդվածում նշվում է Բիլալ Էրդողանի՝ շվեդական ընկերության հետ ենթադրյալ ֆինանսական գործարքների և «կաշառակերության սխեմայի» մասին։
 

Ավելի վաղ պաշտոնական Անկարան բազմիցս մեղադրել էր Reuters-ին երկրի մասին ոչ հավաստի ու կեղծ լուրեր տարածելու համար։
 

«Albayrak Medya Holding» հոլդինգը ներառում է Yeni Şafak թերթը, TVNET հեռուստաալիքը և մի շարք այլ լրատվամիջոցներ։
 

«TürkMedya» հոլդինգը, որը նույնպես հայտարարել է Reuters-ի հետ պայմանագիրը խզելու մասին, ղեկավարում է Akşam, Star թերթերը, 24tv և tv360 հեռուստաալիքները։

Քաղաքականություն