Թուրքիայի նոր հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի աշխատել է Ալ-Քաիդայի նախկին ֆինանսիստի հետ. Nordic Monitor

Թուրքիայի նոր հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի աշխատել է Ալ-Քաիդայի նախկին ֆինանսիստի հետ: Այս մասին հայտնում է Nordic Monitor-ը:

 

Թուրքիայի նորանշանակ հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ ընկեր Յասին ալ-Քադիի հետ, ով ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի, այնպես էլ ԱՄՆ գանձապետարանի կողմից ընդգրկված է որպես Ալ-Քաիդայի ֆինանսիստ։

 

Nordic Monitor-ի կողմից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ նրանք ոչ միայն մի քանի գաղտնի հանդիպումներ են ունեցել Թուրքիայում, այլև որպես կասկածյալներ են ճանաչվել նույն քրեական հետաքննության մեջ, որն իրականացվել է 2012-2013 թվականներին Ստամբուլի գլխավոր դատախազության հսկողության ներքո: Գործի նյութերում, որոնք ներառում էին տեսանկարահանող սարքերի տեսագրություններ, գաղտնալսումներ, բանկային գործարքներ և կաշառքների և ատկատների մասին գրառումներ, Ալ-Քադին թիվ 1 կասկածյալն էր, իսկ Քալընը՝ 47-րդը:

 

Գործի նյութերում հստակորեն նշվում է, որ Քալընը սերտ կապեր է ունեցել Եգիպտոսի քաղաքացի Ուսամա Քութբ անունով՝ Թուրքիայում ալ-Քադիի վստահելի անձի, ինչպես նաև նույն քրեական գործով կասկածյալի հետ։ Օրինակ, 2013 թվականի հունիսի 19-ին թվագրված գաղտնալսման ժամանակ Քութբը զանգահարել է Քալընին, որպեսզի եռակողմ հանդիպում կազմակերպի իր և իր ղեկավար Ալ-Քադիի համար: Հանդիպումը, ըստ երևույթին, նախապատրաստում էր Ալ-Քադիի հանդիպումը այն ժամանակ Թուրքիայի վարչապետ և ներկայիս նախագահ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Այս բոլոր հանդիպումները գաղտնի կազմակերպվել են, և Էրդողանի մարդիկ մեծ ջանքեր են գործադրել՝ հանրությունից թաքցնելու Ստամբուլում և Անկարայում Ալ-Քադիի գործողությունները։ Ալ-Քադին ԱՄՆ-ի գանձապետարանի կողմից ճանաչվել է Ալ-Քաիդայի ֆինանսավորող, իսկ ՄԱԿ-ի` Ալ-Քաիդայի պատժամիջոցների կոմիտեն նրան ներառել է ահաբեկիչների ցուցակում՝ Անվտանգության խորհրդի բանաձեւերի համաձայն: Թուրքիայի կառավարությունը նաև պաշտոնական շրջաբերական է հրապարակել՝ նրան ահաբեկիչ պիտակավորելով՝ արգելելով մուտքը Թուրքիա կամ նրան դրամական միջոցների փոխանցումը։

 

Այնուամենայնիվ, նա գաղտնի ուղևորություններ կատարեց Թուրքիա, այդ թվում՝ Էրդողանի պաշտոնական ինքնաթիռով 2011 թվականին, երբ դեռ պատժամիջոցների տակ էր, որին հաջորդեցին Էրդողանի հովանու ներքո իրականցվող ավելի շատ ուղևորություններ, հանդիպումներ Էրդողանի, այնուհետև Ազգային հետախուզության փոխնախարար Ֆիդանի և այլոց հետ:

Քաղաքականություն