Ադրբեջանը որևէ մեկի պահանջը չի կատարելու, այս իրավիճակը կարող է երկար տևել. Դավիթ Բաբայան
Արցախում որոշ արմատական փոփոխություններ են պետք, քանի որ այս իրավիճակը կարող է երկար տևել։ Պետության կենսունակությունը բարձրացնելու կարիք կա, իսկ դա նշանակում է, առաջին հերթին, անվտանգային համակարգի ամրապնդում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Արցախը ժամանակին դինամիկ զարգանում էր, ոչ ոք չէր պատկերացնում, որ նման զարգացում կարող էր լինել։ Համենայդեպս, մի բան պարզ է՝ անվտանգային համակարգի զարգացմանը պետք է առանձնահատուկ կարևորություն տայինք։ Այս իրավիճակում դա օր առաջ պետք է արվի, ու կարիքը կա, որ ողջ հայությունը ջանքերը կենտրոնացնի այդ ուղղությամբ։ Ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք»,-ասել է Բաբայանը։
Այս կամ այն արտաքին ուժի կամ միջազգային կառույցի ճնշման արդյունքում Արցախի ապաշրջափակման հավանականություն Բաբայանը չի տեսնում։ Ըստ այդմ՝ կարեւորում է իրավիճակը ռեալ գնահատելու և պրագմատիկ որոշումների կայացնելու անհրաժեշտությունը։
«Պետք է ընդունենք իրավիճակը և անենք այնպիսի քայլեր, որոնք կօգնեն դիմակայել։ Ներքաղաքական դիսկուրսից դուրս գալ է պետք. Եթե դրա մեջ խորանանք, ամեն ինչ կկորցնենք։ Կան ուժեր, որոնք փորձում են Արցախի կարգավիճակի հարցին ներքաղաքական երանգ տալ, դիտարկել այդ համատեքստում ու փակել հարցը։ Դա վերջին հարվածը կլինի Արցախին, իսկ եթե Արցախը կորցրեցինք, ամեն ինչ ենք կորցնելու։ Նման բան թույլ տալու իրավունք չունենք»,-նշել է մեր զրուցակիցը։
Բաբայանն ահազանգում է՝ օրհասական վիճակում ենք, շրջափակման օրերը հաշվելու փոխարեն՝ պետք է գոնե որոշ ժամանակով մի կողմ թողնել ներքաղաքական հակասությունները, տուրք չտալ արտաքին ուժերին և համախմբել Արցախի շուրջ։
«Մի որոշ ժամանակով պետք է Արցախակենտրոն լինենք բոլորս՝ թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Արցախը չկորցնելու համար կարճաժամկետ ու միջնաժամկետ քայլեր պետք է մշակել։ Եթե կարողանանք հաղթահարել ներկա մարտահրավերները, ապա ուժեղացած իմունային համակարգով ենք դուրս գալու, իսկ եթե ոչ, ապա կործանվելու ենք»,-նշել է Բաբայանը՝ հավելելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ. փրկվելու հնարավորություններ կան։