Հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները` Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ

Հայտնի է, թե ինչ ցուցմունքներ են տվել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և անդամ Մհեր Սահակյանի միջադեպի առնչությամբ։ 

 

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկվի։

 

Ըստ ցուցմունքների` Եղիշե Կիրակոսյանը, որը որպես կառավարության ներկայացուցիչ է ներկա եղել նիստին, ասել է, որ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել բոլորին։ Այդ ժամանակ էլ Մհեր Սահակյանը կանգնել է և բղավել` ձեռքը պարզելով Վարդանյանի ուղղությամբ և աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին։

 

«Վարդանյանը հարվածից կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին, որից հետո Սահակյանը հեռացել է»,–ասել է Կիրակոսյանը։

 

Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, որ Մինասյանը շեղվել է քննարկվող թեմայից` խոսելով ՀՀ «կորսված հողերի» թեմայից, ինչի հետևանքով պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել։ Դրանից հետո ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտեցնել պատգամավորներին։ Ի պատասխան, ըստ Վարդանյանի, Մհեր Սահակյանն էլ ասել է, թե չգոռա իրենց վրա, ինչին Վարդանյանն արձագանքել է, թե չի գոռում։

 

«Այնուհետև Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել իրեն և առանց խոսելու աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին»,–ասված է Վարդանյանի ցուցմունքում։

 

Ի դեպ, վկաներ ՔԿ–ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վիգեն Խաչատրյանը պնդել են, որ Սահակյանը ձեռքով է հարվածել Սահակյանին, իսկ Արփինե Դավոյանի ցուցմունքում ուղղակի ասված է, որ Սահակյանը հարվածել է Վարդանյանին։ Իսկ դեպքի մանրամասները նկարագրված են նույն հերթականությամբ։

 

 

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները տարբերվում են իշխանականների տված ցուցմունքներից։ Օրինակ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ նիստի ընթացքում Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան Սահակյանը դիտողություն է արել` առաջարկելով չգոռգոռալ։ Իսկ հետո Վարդանյանը ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի։ Նույն պահանջն ու պատասխանը կրկին հնչելուց հետո Վարդանյանը մոտեցել է Սահակյանին, իսկ վերջինս, տեսնելով իրեն մոտեցող Սահակյանին, ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է։

Դեպքերի նույն հաջորդականության մասին է նաև ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի և հենց Մհեր Սահակյանի ցուցմունքը։ Վերջինս հավելել է, որ բնազդաբար, ինքնապաշտպանության նպատակով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին և անմիջապես դուրս եկել սենյակից, որ միջադեպը չշարունակվի։

 

Հավելենք, որ դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանի ցուցմունքի համաձայն էլ` Վարդանյանի վնասվածքը չէր կարող առաջանալ Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված կոտրված մկրատի մասով։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, վնասվածքը կլիներ ծակած վերքի տեսքով։

Ինչ վերաբերում է մկրատին, ապա «Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանն էլ պնդել է` Սահակյանն աշխատասենյակում, երբ պատմելիս է եղել միջադեպի մասին, սեղանի վրայից վերցրել է մկրատը և զայրույթից ջարդել է այն` վնասելով մատը։

 

Վերջում ասվում է նաև, որ վկաներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը և վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել։

 

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Քաղաքականություն