Բաքուն հերքում է, թե Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ
Բաքուն հերքում է այն տեղեկությունները, թե Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, որ Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը:
Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծում է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:
Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: FAON-ը նշում է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցներում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով:
Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...
Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...