Հասարակություն

«Այս գործողություններն ուղղված են ռուսական զորակազմի դեմ». Արցախի ՄԻՊ

«Այս գործողություններն ուղղված են ռուսական զորակազմի դեմ». Արցախի ՄԻՊ

 Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս պահին Լաչինի միջանցքի հատվածում է, տեղում դիտարկում է իրականացնում և փաստերն է հավաքագրում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին։

 

«Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- նշեց Ստեփանյանը։

 

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ շատ հստակ երևում է, որ այս ամենը կեղծ է, ու բնապահպանական խնդիրները որպես պատրվակ ադրբեջանցիներն օգտագործում են՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց:

Ստեփանյանը ֆորումի մասնակիցներին և առհասարակ միջազգային հանրությանը կոչ արեց ոչ միայն խոսել, այլև գործել, քանի որ Արցախում ապրող 120 հազար մարդ գտնվում է ցեղասպանության և էթնիկ զտման ուղիղ վտանգի ու սպառնալիքի ներքո։

Նա շեշտեց, որ միջազգային հանրությունից գրեթե ոչ մեկ Արցախ չի այցելել և խնդրեց վերջիններիս գործադրել մեխանիզմներ՝ կանխելու ցեղասպանության վտանգը։

 

«Ներկա պահին Լաչինի միջանցքի հատվածում հավաքված ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները 2-3 վրան են տեղադրել և նրանց թիվը հասնում է 30-ի։ Նրանց ձեռքերում նաև պաստառներ կան։ Հստակ տեսնում եմ նաև, որ այս գործողություններն ուղղված են ռուսական զորակազմի դեմ, սա փաստում են նաև օրերս ադրբեջանցի լրագրողների սադրանքները։ Խնդիր է դրված հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և հող նախապատրաստել, որպեսզի 2025 թվականից հետո չերկարացվի ռուս խաղաղապահների ժամկետը (ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության,- խմբ․)»,- ասաց Ստեփանյանը։

 

Նա վստահեցրեց, որ խնդրի կարգավորմամբ այս պահին զբաղվում է ռուս խաղաղապահների զորակազմը, քանի որ այդ ճանապարհի և Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուն նրանք են։

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250