Առանց ջրի, լույսի, ջերմության, Կիևում կարող է «ապոկալիպսիս» սկսվել. Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է այս ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում «ապոկալիպսիսի» մասին: Կլիչկոն նման հայտարարություն է արել Reuters-ին տված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ նման իրավիճակ կստեղծվի, եթե ենթակառուցվածքներին ուղղված ռուսական օդային հարվածները շարունակվեն: Միևնույն ժամանակ Կիևի քաղաքապետը պնդել է, որ այժմ կարիք չկա բնակիչներին տարհանելու, թեեւ նրանք պետք է պատրաստ լինեն դրան:

 

«Կիեւը կարող է մնալ առանց լույսի, ջրի և ջերմության։ Ապոկալիպսիս կարող է տեղի ունենալ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել»,- ասել է Կլիչկոն: «Բայց մենք պայքարում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ, որ դա տեղի չունենա»,- շարունակել է նախկին բռնցքամարտիկը:

 

Մայրաքաղաքում բացակայում են ջեռուցվող ապաստարանները, որոնք կտեղավորեն բոլոր 3,6 միլիոն բնակիչներին ամբողջական հոսանքազրկման դեպքում, և մարդիկ պետք է պատրաստ լինեն տարհանման, եթե իրավիճակը վատթարանա, ասել է Կլիչկոն:

 

«Այս պահին մենք պատրաստել ենք մոտ 500 ինքնավար ջեռուցման հանգույց, սակայն 3 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար 500 միավորը ոչինչ է»,- նշել է նա։

 

Կլիչկոն ուրվագծել է հնարավոր սցենարներից մեկը, երբ քաղաքը կարող է մնալ առանց կենտրոնացված ջեռուցման մինչև գարուն, երբ ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ -15 աստիճան Ցելսիուս:

 

«Եթե էլեկտրաէներգիա չմատակարարվի, և օդի ջերմաստիճանը ցածր մնա, ցավոք, մենք ստիպված կլինենք ջուրը հեռացնել ջեռուցման համակարգից։ Հակառակ դեպքում ջուրը կարող է սառել և պայթեցնել ջրամատակարարման ողջ ցանցը, և այդ ժամանակ  շենքերը լիովին ոչ պիտանի կլինեն հետագա օգտագործման համար»,- ասել է նա։

 

Կլիչկոն կոչ է արել բնակիչներին սննդի և ջրի վթարային պաշարներներ պատրաստել, ինչպես նաև պատրաստ հագուստ ու փաստաթղթեր ունենալ՝ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում արագ հեռանալու համար։

Քաղաքականություն

Պատահարներ