Սաակաշվիլու վիճակը վատթարացել է. նրա կյանքին վտանգ է սպառնում. բժիշկ

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի բժիշկների խորհուրդը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ ախտորոշել է չորրորդ փուլի կախեքսիա (մարմնի հյուծում), որը, ըստ բժիշկների, վտանգավոր է իր կյանքի համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է բժիշկ Թենգիզ Ցուլաձեն, գրում է ТАСС-ը։

 

«Հիվանդի վիճակը զգալիորեն վատացել է, դա արտահայտվում է քաշի նվազմամբ, ճանաչողական ֆունկցիաների վատթարացմամբ, պոլինևրոպաթիայով, ինչպես նաև մկանային զանգվածի նվազումով, թուլությամբ, հիվանդի համար դժվար է ոտքի կանգնելը, դժվար է շփվելը, նա ջերմություն ունի, այս ամենը մեզ իրավունք է տվել խոսել այնպիսի լուրջ բարդության մասին, ինչպիսին կախեքսիան է»,- ասել է Ցուլաձեն։

 

Նրա խոսքով, Սաակաշվիլին չորրորդ փուլի կախեքսիա ունի, և եթե նրա առողջական վիճակը նույն տեմպերով շարունակի վատանալ, ապա նախկին նախագահը կարող է ապրել ընդամենը մի քանի ամիս։ Ինչպես նշել է բժիշկը, պետք է «հիմնարար միջոցներ» ձեռնարկել, այսինքն՝ տեղափոխել արտերկիր բուժման։ Ցուլաձեն ընդգծել է, որ Vivamed կլինիկայի բժիշկներից դժգոհություններ չկան, նրանք ամեն ինչ անում են իրենց ուժերի ներածին չափով, սակայն վրացական բժշկությունը նման ախտորոշումների հետ աշխատելու բավարար փորձ չունի։

 

Դեկտեմբերի 1-ին Empathy ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է հետազոտություն, ըստ որի Սահակաշվիլիի մարմնում ծանր մետաղներ են հայտնաբերվել, այդ թվում՝ սնդիկ։ Կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարանիի խոսքերով, Վրաստանի նախկին նախագահին պետք է արտասահման ուղարկել բուժման, հակառակ դեպքում նա կարող է մահանալ։ Փորձագետները նաև նշում են, որ ձերբակալության պահին Սաակաշվիլին կշռում էր 116 կգ, իսկ այժմ նրա քաշը կազմում է 73,6 կգ։

Քաղաքականություն

Պատահարներ