Անկարան Մոսկվային անհամաձայնություն է հայտնել քրդական շրջաններում սիրիական բանակի տեղակայման հարցում. Al Jazeera

Անկարան Մոսկվային տեղեկացրել է Սիրիայի քրդական դեմոկրատական ​ուժերի կողմից վերահսկվող տարածքներում սիրիական բանակի ստորաբաժանումների տեղակայման հարցում իր դեմ լինելու մասին:  Այս մասին երեքշաբթի Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է թուրքական պաշտոնական աղբյուրը, գրում է ТАСС-ը։

 

«Մենք Մոսկվային հայտնել ենք մեր անհամաձայնության մասին Սիրիայի կառավարական զորքերի պաշտոնական տեղակայման վերաբերյալ այդ տարածքներում», - ասել է նա։

 

«Մենք նաև ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել ենք  Սիրիայի քրդերի դեմոկրատական ուժերի ցրման և (այդ քրդական կազմավորումների) դուրսբերման անհրաժեշտության վրա (Սիրիայի) այն տարածքներից, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։

 

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։

 

 Հարվածները հասցվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հենակետերին։  

 

Թուրքական իշխանությունները մեղադրել են PKK-ին և սիրիացի քրդերին նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է վեց մարդ։  Նոյեմբերի 20-ից Թուրքիայի ռազմաօդային ուժերն ու հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Հալեպ, Ռաքքա և Հասաքա նահանգների հյուսիսում՝ Սիրիայի քրդերի դեմոկրատական կազմավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներին։

 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է օդային գործողությունից հետո ցամաքային գործողություն իրականացնել Արաբական Հանրապետության հյուսիսում։  Ըստ ԶԼՄ-ների՝ Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են գործողության նախապատրաստական ​​աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին։

Քաղաքականություն