Կինը կալանավորվել է պետական դավաճանության մեջ մեղադրվող ամուսնուն աջակցելու համար

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի ներկայացրած բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու համար մեղադրվող Ա. Պ.-ին կալանքից գրավով ազատելը:  Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա. Պ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարել պետական դավաճանություն:

Մասնավորապես՝ 2021 թվականին Ա. Պ.-ն ամուսնու պահանջով ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին: 

2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա. Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազը նշված դատական ակտի դեմ ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է: 

Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացվել: 

Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:

Քաղաքականություն