Հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանից կադրեր է ֆիքսել. փոխնախարար

Տիեզերք ուղարկված «ArmSat–1» հայկական արբանյակը սեպտեմբերի 14–ին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ հայ–ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից կադրեր է ֆիքսել։ Այս մասին հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված ասուլիսում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին` արդյոք արբանյակը օգտագործվել է նախապես հայտարարված ռազմական նպատակով, թե ոչ։

 

«Վերջին շրջանում ստացված տեղեկություններով երկրագնդի տարբեր կետերից նկարներ կան ստացված, այդ թվում Հայաստանի արևելյան սահմանագծից ևս պատկեր կա սեպտեմբերի 14–ին արված։ Դուք ստացաք ձեր հարցի պատասխանը»,–ասել է Պողոսյանը։

 

Միևնույն ժամանակ փոխնախարարը նշել է, որ ՀՀ–ի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ։

 

«Արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում անվտանգային նկատառումներով մոնիթորինգ իրականացնելու համար»,–ասել է Պողոսյանը։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իրենց պլաններում ոչինչ չի փոխվել,և արբանյակը կիրառվելու է նախապես հայտարարված բոլոր ոլորտներում։

«Մենք տրամադրում ենք գործիք, որը մեր գործընկերները կարող են օգտագործել։ Ինչպես նշվեց` արդեն որոշակի տվյալներ, նկարներ ստանում ենք, և ամեն մեկն իր կիրառումը կգտնի»,–ասել է նախարար Խաչատրյանը։

 

Նշենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Քաղաքականություն