Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ են ստացել. 28 անձի մեղադրանք է առաջադրվել

 Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

 

Ըստ հաղորդագրության` 28 անձ մեղավոր է ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ ենթարկվելով տարբեր չափերի տուգանքների:

«Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ»,– ասված է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին ընդհանուր առմամաբ մոտ 3 մլն դրամ կաշառք են տվել` ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ։

Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հոդվածով։

Կազմված մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի որոշմամբ հաստատվել և ուղարկվել էր դատարան:

Քաղաքականություն

Պատահարներ