ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անպատկերացնելի պահվածք. Ֆրանսիայում վրդովվել են ադրբեջանցի երեխաների՝ Մակրոնին վիրավորող երգի պատճառով
Ֆրանսիայում վրդովված են ադրբեջանական հեռուստատեսությամբ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչող վիրավորանքներից:
Ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Լազուր շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուզելիեն վրդովված է, որ ադրբեջանական հեռուստատեսությունում երեխաներին ներգրավել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին վիրավորանքներին։
«Անպատկերացնելի պահվածք, որն ամրապնդում է իմ համոզմունքը՝ մեր տեղը հայերի կողքին է»,- գրել է Մուզելիեն Twitter-ում։
Հիշեցնենք, որ Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ շարունակվող արշավին ներգրավել է մի խումբ ադրբեջանցի երեխաների: Վերջիններս երկրի Հանրային հեռուստատեսությամբ երգ են կատարել, որով վիրավորում և մեղադրում են Մակրոնին «անազնվության և հայամետ լինելու մեջ»:
Երեք րոպեանոց երգում հաղորդավար Ազիզ Ալիևը երգում է երեխաների երգչախմբի հետ։
«Նա հայամետ է»,- երգում է Ալիևը։
«Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն:
Նա մեզ սուտ խոստումներ է տալիս։
Նա պարում է Փաշինյանի հետ.
Նա այնքան նվաստացրեց իրեն։
Ասա ինձ, ո՞վ է այս մարդը»,- երգում է նա:
Այնուհետև երգչախմբի երեխաները վանկերով պատասխանում են՝ «ԷՄ-ՄԱ-ՆՈՒ-ԷԼ»:
Ադրբեջանական «շոումենների» պահվածքով կիսվել է նաեւ ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։